
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրում հիմնովին կառուցվելու է նոր դպրոց։ Արդեն մեկնարկել են դպրոցի շինարարության նախապատրաստական աշխատանքները։
Նորակառույց դպրոցն ունենալու է բոլոր անհրաժեշտ հարմարությունները։ Ծրագրի արժեքը կազմում է 2 միլիարդ 39 միլիոն 724 հազար դրամ։ Ախուրյանի համայնքապետարանից հայտնեցին, որ 300 աշակերտի համար նախատեսված դպրոցի շինարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։
«Հին դպրոցի հիմնանորոգումը համարվել է անարդյունավետ, քանի որ դրա տարածքը չէր համապատասխանում ժամանակակից չափորոշիչներին։ Այդ պատճառով էլ որոշում է կայացվել կառուցել նոր դպրոց»,-տեղեկացրին Ախուրյանի համայնքապետարանից։
Նույն ծրագրի շրջանակում՝ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, համայնքի մեկ այլ բնակավայրում՝ Ղարիբջանյանում, շուտով կմեկնարկի նաև մանկապարտեզի շինարարությունը։
Համայնքի մոտ տասը բնակավայրում ընթանում են դպրոցների ընթացիկ վերանորոգման աշխատանքներ։