Հռոմի պապի բուժող բժիշկը հայտնել է, որ հովվապ...

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը կրկնակի թոքաբորբով հիվանդանոցում անցկացրել է մոտ 40 օր, գիտեր, որ կարող էր մահանալ: Ինչպես ասել է նրա բժիշկը՝ «Ագոստինո Ջեմելի» հիվանդանոցի բուժմիավորման ղեկավարներից Սերխիո Ալֆիերին, 88-ամյա հովվապետի կյանքին երկու անգամ վտանգ է սպառնացել։ Նրա խոսքով՝ փետրվարի 28-ի երեկոյան զգալի վատթարացում է տեղի ունեցել, պացիենտը սկսել է խեղդվել։ «Մենք պետք է որոշեինք՝ դադարեցնելլ, թե օգտագործել բոլոր հնարավոր դեղամիջոցներն ու բուժումները, բայց այլ օրգանները վնասելու վտանգի տակ։ Որոշեցինք գնալ երկրորդ ճանապարհով»,- ասել է բժիշկը։ Նա նշել է, որ Հռոմի պապը նույնպես որոշում է կայացրել եւ լիովին հասկանում է, թե ինչ է տեղի ունենում, քանի որ նա «միշտ գիտակից վիճակում էր»։ «Կարծում եմ, որ տեղի ունեցողի ըմբռնումն էր, որ օգնեց նրան ողջ մնալ»,- պատմել է բժիշկը: Ֆրանցիսկոսը դուրս է գրվել անցած կիրակի։ Սակայն նրան նշանակել են գրեթե լիարժեք հանգիստ եւս երկու ամիս, մինչեւ լիովին ապաքինվի։ Նրա նստավայրում՝ Վատիկանի «Սուրբ Մարթա» հյուրանոցում, ամեն ինչ ապահովված է անհրաժեշտության դեպքում վերակենդանացման օգնություն ցուցաբերելու համար: Նրան խորհուրդ են տվել սահմանափակել մարդկանց ընդունելությունը եւ չհանդիպել մեծ խմբերի հետ: Բոլոր այցելուները պետք է դիմակ կրեն, նշել են լրատվամիջոցները։Պապի մասնակցությունը Զատկի ծեսերին կասկածելի է։ Զատիկը նշվում է 2025թ. ապրիլի 20-ին եւ կաթոլիկների եւ ուղղափառ քրիստոնյաների համար այս անգամ համընկնում է։