Հրկիզել են Մալաթիա-Սեբաստիայում երեխաների համ...


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 14-ին, անհայտ անձի կամ անձանց կողմից միտումնավոր հրկիզվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ գտնվող եկեղեցու մոտ բացված խաղահրապարակը։

Անհայտ անձը կամ անձինք հրկիզել են խաղահրապարակը ու կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 19:00-ի սահմաններում և օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Գրիգոր Ավդալյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սուրեն Հովակիմյանն ու Արթուր Գրիգորյանը, ովքեր դեպքի վայրից հեռացրել են հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել։ Վերջիններս մարել են կրակը խ, սակայն խաղահրապարակում եղած ողջ գույքը վերածվել է մոխրակույտի։

Դեպքի մասին տեղեկանալով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի հանձնարարականով ժամանել են թաղապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները՝ վնասի չափը գնահատելու համար։

Ահազանգով ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։