Հրայր Թովմասյանը միջնորդեց որպես վկա հրավիրել...

Ուզում եմ ՀՀ նախագահից լսել, որ իր վրա ճնշումներ չեն եղել, որ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր նշանակելու մասին որոշումը կայացրել է միանձնյա։ Հակառակ դեպքում գործ ենք ունենալու իրավիճակի հետ, որ դա միտումնավոր է արվել՝ կողմերից մեկիր առավելությունը ստանալու համար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ միջնորդելով, որ ՀՀ նախագահը որպես վկա հրավիրվի ՍԴ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՍԴ-ում այսօր քննարկվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումները՝ մեկ վարույթով։ ՍԴ-ի կողմից արդեն իսկ սահմանվել է դիմումների ներկայացման հաջորդականությունը, համաձայն որի՝ առաջինը բացատրությամբ հանդես կգան դիմումատուները, հետևյալ հաջորդականությամբ՝ «Հայաստան» «Զարթոնք», «Հայոց Հայրենիք», «Պատիվ ունեմ» դաշինքը, ապա՝ պատասխանող կողմը՝ ԿԸՀ-ն, հարակից պատասխանողները և երրորդ անձը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները։

Մինչ դիմումները կքննվեին, Հրայր Թովմասյանը միջնորդություն ներկայացրեց՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին  որպես վկա ՍԴ հրավիրելու մասին՝ պարզելու, թե ինչու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը նշանակվել հունիսի 20-ին։

Հրայր Թովմասյանը պարզաբանեց, որ դիմումատուների կողմից այդ հարցը բարձրացվել է, սակայն պատասխանող կողմը՝ ԿԸՀ-ն չի կարող պատասխանել նշված հարցերին։ Բացի դա՝ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը նշեց, որ պատրաստվում է նաև միջնորդել ՄԻՊ-ին որպես վկա հրավիրելու համար, քանի որ անհրաժեշտ է տեղեկատվություն՝ ընտրությունների ընթացքում ՄԻՊ-ի կողմից արձանագրված մարդու իրավունքների խախտման վերաբերյալ։ Հրայր Թովմասյանը նաև առաջարկեց   պարզաբանում պահանջել նաև Դատական դեպարտամենտից, թե բռնության կոչերի վերաբերյալ գործերով դատարանների կողմից ինչ մեկնաբանություն է եղել, ինչ որոշումներ են կայացվել և ինչ պրակտիկա է ձևավորվել։

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միացավ Հրայր Թովմասյանի դիրքորոշմանը՝ նշելով, որ  առաջին երկու միջնորդությունների դեպքում դա անհրաժեշտություն է։