Շաբաթներ առաջ մենք տեղեկացրել էինք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձ կատարեց դստեր համար գնված ավտոմեքենայի մասին Politik.am-ի հրապարակմանը։ Փաշինյանը մի շարք` իր բնորոշմամբ, փաստեր բերեց, որոնցից ելնելով իրենք չեն կարող հրաժարվել պետական ծառայողական մեքենայից։
Նույն եթերի ընթացքում Փաշինյանը նաև ասաց, որ անդրադառնում է այս հարցին, քանի որ պետական համակարգը միշտ չէ, որ ի վիճակի է հարցերին տալ կոնկրետ պարզաբանումներ և դա պրոբլեմ է։
Ըստ էության Փաշինյանը դժգոհ է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի և իր մամուլի խոսնակի՝ Վլադիմիր Կարապետյանի աշխատանքից։ Հենց նրանք չեն կարողանում հարցերին տալ կոնկրետ պատասխաններ։ Հովհաննես Մովսիսյանի ղեկավարած կառույցը ամիսներ առաջ հիմնել է նաև նոր հարթակ, որը պետք է կառավարությանը առնչվող տեղեկությունների վերաբերյալ հավելյալ տեղեկություններով ապահովի հանրությանը։ Վարչապետի խոսնակն էլ չի կարողանում աշխատանքային հարաբերություններ ստեղծել լրատվամիջոցների հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա եղած տեղեկատվությունը հասցնել հանրությանը։
Մեր հրապարակումից շաբաթներ անց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ազատվեց աշխատանքից։ Խոսակցություններ են շրջանառվում, որ պաշտոնանկ է արվելու նաև «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը։
Ըստ կառավարության մեր աղբյուրների վարչապետ Փաշինյանը դժգոհ է Մովսիսյանի աշխատանքից։ Նա ոչ միայն չի կարողանում որակյալ քարոզչամեքենա ստեղծել, այլ արգելելով իշխանության ներկայացուցիչներին հարցազրույցներ տալ մի շարք լրատվականների, ստեղծել է տեղեկատվական վակում, որը լցնում են ընդդիմադիրները։ Ըստ էության Մովսիսյանի աշխատանքի հետևանքով մի շարք լրատվականներ դեմ են դուրս եկել Փաշինյանի կառավարությանը։
Մովսիսյանը տապալել է իր ղեկավարած կառույցը, ավելին օրերս մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ հենց ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ն է ստեղծել Յութուբ պորտալի մի շարք ֆեյք հաշիվներ, որոնք ամենաէժան քարոզչությունն են իրականացնում ի օգուտ վարչապետ Փաշինյանի։ Ստեղծված Յութուբ պորտալի հաշիվներից է «Փերֆեկտ ԹիՎի» -ին, որի մի քանի քարոզչական տեսանյութեր իր էջում հրապարակել է նաև վարչապետ Փաշինյանը։
Հովհաննես Մովսիսյանը մեզ հետ զրույցում ասաց․«Այդ էջի հետ կապ չունենք մենք, մերը կառավարության պաշտոնական էջերն են միայն՝ Կառավարության պաշտոնական էջը յութուբի ու «Հրապարակում» հաղորդման յութուբ էջը»,-ասաց Մովսիսյանը։
Կառավարության մեր աղբյուրները սակայն պնդում են, որ այս և մի շարք այլ կեղծ ու ցածրորակ տեղեկություններ տարածող էջերը հիմնվել և կառավարվում են ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ աշխատակիցների կողմից։
Ի դեպ օրերս հայտնի դարձավ, որ «Փերֆեկտ ԹիՎի» -ն 62 մլն կեղծ դիտումներ է ունեցել, որոնք Յութուբ պորտալը առոչինչ է համարել։
Մովսիսյանի կողմից ղեկավարվող կառույցի կողմից ստեղծվող կեղծ հաշիվների և դրանց վրա ծախսվող ֆինանսական միջոցների մասին մենք հնարավորություն կունենանք տեղեկանալ միայն հաջորդ իշխանությունների օրոք։ Եվ եթե հաստատվեն մամուլում առկա այն տեղեկությունները, որ Մովսիսյանի ղեկավարած կառույցը միլիոնավոր դրամներ է ծախսում ֆեյք հաշիվներ ստեղծելու և դրանք հասարակական-քաղաքական տարբեր գործիչների դեմ օգտագործելու համար։ Իշխանափոխության դեպքում սա կլինի յուրօրինակ «տուշոնկա», որի համար պատասխանատվության կկանչվի Հովհաննես Մովսիսյանը։



