
Հնդկաստանը կարող է վերսկսել երկխոսությունը Պակիստանի հետ, եթե Իսլամաբադը կոնկրետ քայլեր ձեռնարկի ահաբեկչության դեմ պայքարում, հայտարարել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Շաշի Թհարուրը, որը գլխավորել է Հնդկաստանի խորհրդարանական բոլոր կուսակցություններից բաղկացած պատվիրակությունը Բրազիլիայում։ «Երկխոսությունը հնարավոր է, բայց Պակիստանը պետք է իրական փոփոխություն ցուցաբերի իր քաղաքականության մեջ իր տարածքում գործող ահաբեկչական խմբավորումների նկատմամբ»,- Թհարուրի խոսքերը մեջբերել է NDTV հեռուստաալիքը։ Հնդիկ քաղաքական գործչի խոսքով՝ Նյու Դելին միշտ պատրաստ է եղել խաղաղ փոխգործակցության, սակայն բանակցությունների անվերապահ վերսկսումը անհնար է, երբ ահաբեկչությունը մնում է արտաքին քաղաքականության գործիք։ «Մինչեւ Պակիստանը չփոխի իր ուղղությունը, Հնդկաստանը զգույշ կլինի դիվանագիտական մերձեցման հարցում»,- ընդգծել է Թհարուրը։ Նյու Դելիի եւ Իսլամաբադի միջեւ հարաբերությունները լարված են ապրիլի 22-ին Ջամուի եւ Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքում՝ Փահալգամում, տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետեւանքով զոհվել էին 25 հնդիկ եւ մեկ նեպալցի: Հնդկաստանը հայտարարել է, որ ունի ապացույցներ, որ հարձակման հետեւում կանգնած է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը: Մայիսի 7-ի գիշերը հնդկական ուժերը սկսել են «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանում ահաբեկիչների դիրքերին։ Պակիստանը հակահարված է տվել։ Մայիսի 10-ին երկու կողմերը հայտարարել են լիակատար հրադադարի մասին։ Հնդիկ պաշտոնյաները հայտարարել են, որ «Սինդուր» գործողությունը կասեցվել է, բայց չի ավարտվել։