Հնդկաստանը մեծացնում է միջուկային սուզանավերի...

Հնդկական օվկիանոսում Չինաստանի և Պակիստանի ռազմածովային ուժերի ներկայության ուժեղացման հեռանկարների պատճառով Հնդկաստանը ջանքեր է գործադրում՝ ավելացնելու միջուկային սուզանավերի թվաքանակը: Այս մասին գրում է Defense News-ը:

Հնդկաստանը սկսել է նոր դասի հարվածային սուզանավերի կառուցումն այն բանից հետո, երբ կառավարությունը հաստատել է 4,8 միլիարդ դոլարի չափով գումարի տրամադրումը 6000-ական տոննա քաշով երկու միջուկային սուզանավի կառուցման համար։ Ընդհանուր առմամբ, պետք է սպառազինության մեջ ընդունվի վեց այդպիսի միջուկային սուզանավ։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ դրանց սարքավորումների մինչև 90 %-ը պետք է լինի հնդկական արտադրության։ 

Այս միջուկային սուզանավերը պետք է զինված լինեն տորպեդներով, ինչպես նաև «Բրամոս» հրթիռներով՝ նավերին և ցամաքային թիրախներին հարվածներ հասցնելու համար։

Պլանավորվում է, որ այս սուզանավերը կհետևեն Չինաստանի ռազմածովային ուժերի ակտիվությանը Հնդկական օվկիանոսում, ինչպես նաև կմշտադիտարկեն ռազմավարական ջրային ուղիները՝ Պարսից ծոցը, Ադենի ծոցը և Մալակկայի նեղուցը։

Միևնույն ժամանակ հրատարակությունը նշում է, որ նման սուզանավերը սպառազինության մեջ ընդունելու համար տարիներ կպահանջվեն։

Հնդկաստանը նաև ներդրումներ է կատարում բալիստիկ հրթիռներով զինված միջուկային սուզանավերի արտադրության մեջ։ Առաջին նման սուզանավը՝ Arihant-ը, սպառազինության կազմ է ընդունվել 2016 թվականին, իսկ այս դասի երկրորդ միջուկային սուզանավը՝ Arighaat-ը, 2024 թ. օգոստոսին, Վիշակհապատնամի ռազմածովային ուժերի բազայում։

«Arihant և Arighaat միջուկային սուզանավերի առկայությունը կուժեղացնի Հնդկաստանի հնարավորությունները՝ զսպելու հնարավոր հակառակորդներին և պաշտպանելու իր ազգային շահերը», - ասվում է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

S4 անունը կրող բալիստիկ հրթիռներով զինված մյուս միջուկային սուզանավը, որը վերոնշյալներից 20 մ ավելի երկարություն կունենա, սպառազինության կազմ կընդունվի 2025 թվականին։  

Այս դասի ևս մեկ միջուկային սուզանավ ջրարկել են այս տարվա հոկտեմբերի 16-ին։