Հնդկաստանի վարչապետին և Բրազիլիայի նախագահին...

Մեծ յոթնյակում նախագահող Իտալիան Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, ինչպես նաև Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային՝ որպես Մեծ քսանյակի նախագահ, հրավիրել է G7-ի գագաթնաժողովին, որը կկայանա հունիսի 13-15-ը։ Այս  մասին նշված է G7-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից։

Հաստատվել է բոլոր հայտարարված հրավիրյալների մասնակցությունը։ Թե՛ Մոդին, թե՛ Լուլա դա Սիլվան ավելի վաղ հայտնել էին հրավերն ընդունելու իրենց մտադրության մասին:

Նրանցից բացի, հրավիրյալների թվում են Արգենտինայի, Ալժիրի, Հորդանանի, Քենիայի, Մավրիտանիայի (որպես Աֆրիկյան միության նախագահ), ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Թունիսի, մի շարք միջազգային կազմակերպությունների, ներառյալ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ղեկավարները: Հայտնի է նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասնակցությունը։

Կազմակերպիչ կողմի հրապարակած ծրագրի համաձայն՝ գագաթնաժողովի աշխատանքը կսկսվի հունիսի 13-ի առավոտյան՝ Մեծ յոթնյակի ղեկավարների մասնակցությամբ։ Նախատեսվում են նաև նստաշրջաններ՝ նվիրված Աֆրիկայի մայրցամաքին, կլիմայական փոփոխություններին և զարգացման հարցերին, Մերձավոր Արևելքին: Կկայանա Ուկրաինային նվիրված նստաշրջան, որին կմասնակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Հունիսի 14-ին G7-ի ձևաչափով աշխատանքը կշարունակվի միգրացիայի, Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և տնտեսական անվտանգության հարցերի շուրջ:

Հրավիրված ղեկավարները կմասնակցեն արհեստական ​​բանականությանը, էներգետիկային, Աֆրիկային և Միջերկրածովյան տարածաշրջանին նվիրված նստաշրջանին: Այդ նույն նստաշրջանին կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Կազմակերպիչները գագաթնաժողովին նաև կտրամադրեն հարթակ երկկողմ հանդիպումների անցկացման համար։