Հնդկական Հիմալայներում հեղեղումների հետևանքով...

Հնդկաստանի Քաշմիրի շրջանի հիմալայան Չասոտի գյուղում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով զոհվել է առնվազն 56 մարդ։ Այս մասին հայտնում է Sky News-ը։

Տեղական պաշտոնյաների տվյալներով՝ առնվազն 80 մարդ դեռևս անհետ կորած է։ Փրկարարական խմբերը 300 մարդու անվտանգ վայր են տեղափոխել։

Ջամմուից մոտ 136 կմ հյուսիս-արևելք գտնվող Չասոտին վերջին գյուղն է, որը հասանելի է մեքենաների համար դեպի լեռնային սրբավայր՝ Մաչաիլ Մատա տաճար գնալիս։ Ուխտավորները սովորաբար կանգ են առնում այս վայրում։

Պաշտոնյաները հայտնել են, որ ուխտավորների համար պատրաստված մեծ ժամանակավոր խոհանոցը, որտեղ հավաքվել էր ավելի քան 200 ուխտավոր, ամբողջությամբ անցել է ջրի տակ։

Պաշտոնյաները նաև հայտնել են, որ հինդուիստական ուխտագնացությունը, որը սկսվել էր հուլիսին և պետք է ավարտվեր սեպտեմբերի 5-ին, դադարեցվել է։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է, որ «կարիքավորներին կտրամադրվի բոլոր հնարավոր օգնությունը»։

Հնդկաստանի Հիմալայան շրջաններում, որտեղ ջրհեղեղների և սողանքների վտանգը մեծ է, հաճախ են տեղի ունենում հանկարծակի, ուժգին տեղատարափ անձրևներ։