
Մենք հանրությունը հանդիպումների և հարցումների միջոցով ենք չափել։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես են չափել հանրության լայն շրջանակը։
«Իմ ունեցած տեղեկություններով մեր ընդդիմադիր գործիչները նույնպես ունեն հարցումներ և գիտեն, թե հանրության մեջ ինչ տրամադրություններ կան։ Ընդդիմության բոլոր հարցումների տվյալներով իրենք ունեն շատ ցածր վարկանիշ, և դա է հիմնական պատճառը, որ իրենք վիժեցրեցին վարչապետի՝ արտահերթ ընտրությունների գնալու առաջարկը»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
Դիտարկմանը, որ ընդդիմախոսների կարծիքով իշխանությունները փակել են սահմանադրական ճանապարհը և մարդկանց դրդում են հակասահմանադրական գործողությունների, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Այսինքն ընտրված իշխանությունը, չունենալով ընդդիմության պահանջ ընտրություն անելու, որոշում է շարունակել և դա հակասահմանադրկա՞նն է, իսկ ո՞րն է սահմանադրականը։ Երբ մեր գործընկերները պատրաստ կլինեն քննարկել նման բան, մենք կքննարկենք այդ քննարկումը վերսկսկելու հարցը։ ՀՀ վարչապետն ունի ամենաբարձր վարկանիշը ՀՀ-ում՝ առկա քաղաքական գործիչներով։ Չբացառելով, որ «Իմ քայլ»-ի և մնացած բոլոր քաղաքական ուժերի վարկանիշն իջել է, բայց այնուամենայնիվ պնդում եմ, որ վարչապետն այսօր ունի ամենաբարձր վարկանիշը»,-ասաց Ալեն Սիմոնյանը։