ՀՀ-ում կձևավորվի պարտադիր զինվորական ծառայութ...

Կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արդեն իսկ Շանհայ վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորելու համար տարկետում ստացած քաղաքացիների գիտելիքները ՀՀ-ում գիտության, տնտեսության,  քաղաքացիական ծառայության և այլ ոլորտներում օգտագործելու հնարավորության ընձեռմամբ:

Նախագծի ընդունմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նոր համակարգ կձևավորվի, որի միջոցով տարկետում կտրամադրվի աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի` Academic Ranking of World Universities ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված)՝ մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու  և Կառավարության կողմից նշված ոլորտում և վայրում աշխատելու համար:

Նշվածի արդյունքում տրամադրվող տարկետումները կունենան հստակ նպատակ և ուղղված կլինի մարդկային ներուժի գիտության, տնտեսության և այլ ոլորտներում օգտագործելուն:

Հայաստանի Հանրապետություն վերադարձ ապահովելու և նրանց ներուժը գիտության, տնտեսության և այլ ոլորտներում օգտագործելու գործիքակազմերը կատարելագործելու նպատակով առաջարկվող փոփոխությունները կտարածվեն նաև Կառավարության 2018 թ. ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետով սահմանված նվաճումների հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և ուսումը ավարտած քաղաքացիների վրա: Մասնավորապես՝ օրենսդրական փոփոխությունից հետո համապատասխան ենթաօրենսդրական ակտերով սահմանվելու է, որ նշված հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և ուսումը ավարտած քաղաքացիներ որպես պարտավորություն են ունենալու ՀՀ վերադառնալու և նախատեսվող կարգով աշխատելու, որի համար ևս զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու և պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համակարգ կգործի: