Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը:
Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովը նկատում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ դեպի Հայաստան կապիտալի, մասնագիտական կարողությունների մեծ ներհոսք կա, իսկ այս տարվա առաջին 10 ամսվա արդյունքում գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշի առիթով շնորհավորում է Հայաստանին: Ժուկովը այս մասին ասաց Երևանում կայացած ճեպազրույցում:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, շնորհավորելով Ուրուգվայի առաջին ռեզիդենտ դեսպանին՝ նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ուրուգվայի դեսպանության բացումը և այս նշանակումը նոր խթան կհանդիսանա հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների զարգացման համար:
«Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նորանշանակ դեսպանը նշել է, որ իր առաքելության ընթացքում ջանք չի խնայելու հայ-ուրուգվայական տնտեսական ու մշակութային կապերի սերտացման և քաղաքական երկխոսությունը որակական նոր մակարդակի բարձրացման համար:
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է հայ-ուրուգվայական հարաբերությունների լավագույն ավանդույթներին, շեշտել, որ դեռևս Խորհրդային միության տարիներից Ուրուգվայը հայ հասարակության համար հարազատ երկիր է, որը հայտնի է որպես Հայոց Ցեղասպանությունն առաջինը ճանաչած պետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Իր խոսքում նախագահը մասնավորապես նշել է. «Համոզված եմ, որ մեր դեսպանատունն էլ շուտով կբացվի և դա իրականում նոր խթան կլինի մեր հարաբերություններին, և մենք կարող ենք մեր հնարավորություններն ավելի շատ օգտագործել, խոսքը հատկապես տնտեսական հարաբերությունների և ինչու չէ, նաև տուրիզմի ու մշակույթի մասին է»:
Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը Հանրապետության նախագահին է փոխանցել Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լոկալլեի ողջույնները և նշել, որ իր համար պատիվ է լինել Ուրուգվայի առաջին ռեզիդենտ դեսպանը Հայաստանում:
Իր խոսքում դեսպանը մասնավորապես ասել է. «Ուրուգվայն առաջին անգամն է, որ ունի պաշտոնական ներկայություն Հայաստանում, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի հետ Ուրուգվայն ունի ավելի քան հարյուրամյա բարեկամություն, չնայած այն հանգամանքին, որ Ուրուգվայի հայ համայնքն այնքան մեծ չէ որքան Արգենտինայի Հանրապետության հայկական համայնքը, բայց, անկախ դրանից, պետք է նշեմ, որ հայ համայնքի դերը երեքուկես միլիոնանոց Ուրուգվայում շատ էական և կարևոր է: Համայնքի կարևոր հանձնառությունն է եղել, որ Հայաստանը ներկայացված լինի Ուրուգվայում»:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն ու նորանշանակ դեսպանը քննարկել են թվայնացման, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում հայ-ուրուգվայական փոխգործակցության ներուժին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Ուրուգվայում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման հնարավորությանը: Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծվել է հաջորդ տարվա ընթացքում Մոնտեվիդեոյում Հայաստանի դեսպանատան բացման կարևորությունը:



