ՀՀ-ն միանում է ԲՈՒՀ-ական ծրագրերով ԱՊՀ երկրնե...

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 27-ի նիստում հավանություն տվեց «Բարձրագույն կրթության կրթական ծրագրերով և լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին» համաձայնագրին:

Նախագծի նպատակներից են բարձրագույն կրթության կրթական ծրագրերով և լրացուցիչ մասնագիտական կրթության ծրագրերով մաքսային ծառայությունների համար կադրերի պատրաստման կազմակերպումը, շահագրգիռ կրթական կազմակերպությունների միջև համագործակցության զարգացման աջակցումը, այդ թվում՝ համապատասխան կրթական ծրագրերի մշակման և իրագործման, միջազգային ակադեմիական փոխանակումների, գիտական կադրերի պատրաստման, համատեղ կրթական և գիտական միջոցառումների կազմակերպման ու անցկացման հարցերով։

Նախագծի շրջանակներում նախատեսվում է մաքսային մարմինների աշխատակիցների մասնագիտական մակարդակի բարձրացում՝ մաքսային գործի ոլորտում առաջատար փորձի ուսումնասիրմանն ուղղված միջոցառումներ կազմակերպելու միջոցով:

Նախագծի համաձայն կրթական կամ գիտական միջոցառումներ կազմակերպող կողմը իր վրա է վերցնում դրանց անցկացման ծախսերը, իսկ այլ պայմանավորվածությունների բացակայության դեպքում պաշտոնատար անձանց գործուղման ծախսերն իր վրա է վերցնում ուղարկող կողմը։

Համաձայնագրի ստորագրումը պայմանավորված է ԱՊՀ շրջանակներում համագործակցությամբ:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Նախագիծը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթներով: