ՀՀ ՄՊՀ նախագահը հյուրընկալել է սպառողների պաշ...

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է Բուլղարիայի նախկին փոխվարչապետ, գլխավոր բանակցող և սպառողների պաշտպանության հարցերով ԵՄ հանձնակատար Մեգլենա Կունևային։

Ինչպես տեղեկացնում է ՄՊՀ-ի տարածած հաղորդագրությունը, Գեղամ Գևորրգյանը ներկայացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված բարեփոխումների ընթացքը։ Նա մասնավորապես նշել է, որ  մշակվել է լայնածավալ բարեփոխումների փաթեթ, որի համաձայն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ստանձնելու է այս ոլորտում կենտրոնական և կոնտակտային մարմնի դերը։ Արդեն իսկ  գործարկվել է նոր թվային գործիք՝ «Սպառողի օգնական», որի միջոցով քաղաքացիները կարող են իրենց անհատական բողոքները ներկայացնել տնտեսավարողներին։ 

Մեգլենա Կունևան ողջունել է մեկ մարմնի ներքո մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գործառույթների մեկտեղման գաղափարը՝ ներկայացնելով իր առաջարկները բարեփոխումներին առնչվող առանձին հարցերի վերաբերյալ։ 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ոլորտի օրենսդրության կիրարկման, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների ներգրավման, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների  ներդրման, ապրանքների մակնշման, շահերի պաշտպանության և հանրային իրազեկման միջոցառումների, կրթական ծրագրերի իրականացման և այլ հարցերի շուրջ։