ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետներն աշխատանքայ...

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի մի շարք  հուշարձաններ, որոնք նորոգվում և վերականգնվում են նախարարության պատվերով։

 ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մասնագետներն այցելել են Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի, որտեղ շարունակվում են 2024 թ. մեկնարկած վերականգնման աշխատանքները:  

Լոռի բերդ ամրոցի տարածքում ավարտվել են զբոսաշրջիկների սպասարկման համար նախատեսված տեղեկատվական մոդուլային կենտրոնի կառուցման աշխատանքները. այն շահագործման կհանձնվի շուտով՝ տարածքի բարեկարգումն ավարտելուց հետո:  

Մասնագետները ծանոթացել են նաև Լոռի բերդի պարսպապատի, բաղնիքների և եկեղեցու վերականգնման շարունակվող աշխատանքներին, որոնք նույնպես սկսվել էին 2024 թվականին:

Կողես գյուղում ուսումնասիրվել է Տուտիկ իշխանի խաչքար-հուշակոթողը, որի խաչքարերից մեկը թեքվել է և վթարային վիճակում է: Առաջիկայում այն կամրակայվի «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով: 

Շրջայցի վերջին կանգառը Սանահինում էր. քննարկվել է համայնքի կողմից ներկայացված՝ վանքի դիմացի հատվածի բարեկարգման առաջարկը:

Մասնագետներն ուսումնասիրել են նաև Զաքարյանների դամբարանը, որի վերականգնման աշխատանքները նախարարության կողմից նախորդ տարի դադարեցվել էին՝ պայմանավորված գիտամեթոդական խորհրդի դիտողություններով: Համապատասխան շտկումներն արդեն արվել են, առաջիկայում վերականգնման աշխատանքները կվերսկսվեն: