Պուտինը կայցելի Թուրքմենստան՝ ԱՊՀ և Կասպյան գ...

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8-9-ը աշխատանքային այցով կայցելի Թուրքմենստան, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին և Կասպյան բնապահպանական գագաթնաժողովին։ Այս միջոցառումները կանցկացվեն Թուրքմենստանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում առաջնորդները կամփոփեն ընթացիկ տարում նշվող Համագործակցության կազմավորման 35-ամյակի կապակցությամբ մասնակից երկրների փոխգործակցության արդյունքները, կուրվագծեն հետագա համատեղ աշխատանքի առաջնահերթ ուղղությունները և մտքեր կփոխանակեն միջազգային ու տարածաշրջանային հրատապ հիմնախնդիրների շուրջ։

Նախատեսվում է ընդունել փաստաթղթեր, որոնք ուղղված են իրավապահ, մշակութային-հումանիտար և տեղեկատվական ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ԱՊՀ երկրների արտաքին քաղաքականության կոորդինացման ամրապնդմանը։

Կասպյան բնապահպանական գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահները կդիտարկեն մերձկասպյան երկրների՝ բնապահպանական ոլորտում համագործակցության գործնական հարցերը, այդ թվում՝ Կասպից ծովի ցամաքեցման (մակարդակի իջեցման) կանխարգելմանն ու դրա կենսապաշարների պահպանմանն ուղղված միջոցառումները։