ՀՀ իշխանությունը խանգարեց, որ COP29-ում մեր գ...

COP 29-ը հնարավորություն էր, որ Ադրբեջանի կողմից կատարված կամ կատարվող հանցագործությունները, իրավախախտումները լուսաբանվեն միջազգային լրատվամիջոցների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, «Քաղաքական դատավարությունները Բաքվում, ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ժամանակ նշեց Արցախի նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Բայց մենք տեսանք նաև, որ հիմնականում իրավապաշտպան կամ բնապահպանական կազմակերպությունները, կամ լրատվամիջոցները ավելի շատ ուշադրություն էին դարձնում Ադրբեջանի ներքին մարդու իրավունքների խնդիրներին, բռնաճնշումներին, ներքին քաղբանտարկյալներին, քան հայերի հանդեպ տեղի ունեցած հանցագործություններին: Դա և բռնի տեղահանումն է, և շրջափակումը, և այնտեղ գտնվող գերիները, բռնի անհետացած անձինք:

Այո, որոշ չափով սփյուռքի տարբեր կառույցների աջակցությամբ, հայաստանյան քաղհասարակության աջակցությամբ որոշակի ձայն կարողացել ենք բարձրացնել, բայց քանի որ այստեղ ՀՀ իշխանությունները ընդհանրապես որևէ նախաձեռնող քայլ չեն կատարել, որևէ ձևով չեն աջակցել, նույնիսկ երբեմն խանգարել են, նաև այդ պատճառով մենք չենք կարողացել ավելի շատ մեր ձայնը բարձրացնել և ավելի կազմակերպված կերպով քաղաքական ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա»,- հայտարարեց Արտակ Բեգլարյանը: