ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձե...

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես  տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հանդիպումը նախաձեռնելու համար և ընդգծել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հանդիսանում է Դատախազության կայուն գործընկերը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ դատախազների մասնագիտական գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացման ու կատարելագործման առումով:

Այդ համատեքստում Աննա Վարդապետյանը կարևորել է հատկապես կոռուպցիոն հանցագործությունների քննության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերը, որոնց շրջանակում Դատախազության ներկայացուցիչները հնարավորություն են ունենում օտարերկրյա ուսումնական հաստատություններում անցնել վերապատրաստումներ:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանն անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: