ՀՀ ԳԱԱ-ում հյուրընկալվել է Իրաքի Քրդստանի մշա...

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) օգոստոսի 10-ին հյուրընկալել է Իրաքի Քրդստանի մշակույթի և երիտասարդության նախարար Մոհամմեդ Սաիդ Ալիի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես  հայտնում են ԳԱԱ-ից, հանդիպմանը մասնակցել են Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության և Արվեստի ինստիտուտների գիտաշխատողներ:

Հյուրերին ողջունել է ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղազարյանը ներկայացրել է հայ-քրդական հարաբերությունների պատմությունը, Արևելագիտության ինստիտուտում քրդագիտության զարգացման ասպարեզում իրականացված հետազոտական աշխատանքների արդյունքները:

Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը հանդես է եկել հայ-քրդական մշակութային փոխառնչությունների վերաբերյալ զեկուցմամբ: Նա ներկայացրել է հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի կողմից քրդական ժողովրդական երգերի մշակումների ուղղությամբ ծավալված աշխատանքները: Աննա Ասատրյանն Իրաքի Քրդստանի Մշակույթի և երիտասարդության նախարարին  և Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսին նվիրել է գրքեր, որոնցում Կոմիտասի քրդական ժողովրդական երգերի մշակումներն են և այդ մշակումների նոտաները: Այնուհետև հյուրերն ունկնդրել են քրդական ժողովրդական մեկ երգ:

Իրաքի Քրդստանի Մշակույթի և երիտասարդության նախարար Մոհամմեդ Սաիդ Ալին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա ներկայացրել է Իրաքի Քրդստանի կառավարության քաղաքականությունը մշակույթի ասպարեզում, կարևորել է հայ-քրդական մշակութային կապերի ամրապնդումը, երկու ժողովուրդների պատմական առնչությունները: Նախարարը հույս է հայտնել, որ հայ-քրդական մշակութային, գիտական կապերն էլ ավելի կակտիվանան:

Իր հերթին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը ներկայացրել է, թե հյուպատոսության աջակցությամբ ինչպիսի աշխատանքներ են ծավալվում Իրաքի Քրդստանի մշակութային, գիտական ոլորտներում: Նա հատկապես ընդգծել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ ունեցած սերտ համագործակցությունը: