Նման իրավիճակները անընդունելի են. Գալյանը՝ հո...

Ես երբևէ չեմ մեկնաբանել և չեմ կարող մեկնաբանել այն գործողությունները, որոնք կատարվում են իրավապահ մարմինների կողմից։ Որևէ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ չի կարող մեկնաբանել այն երևույթները, որոնք կապված են այլ մարմինների գործառություների հետ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում նախօրեին Արագածոտնի թեմի առաջնորդարանում տեղի ունեցած խուզարկություններն ու հոգևորականներին ձերբակալելը։

Հարցին, թե ի՞նչ է կարծում այն հանգամանքի մասին, որ տևական ժամանակ պաշտպանները տեղեկություն չունեին, թե որտեղ է գտնվում Արագածոտնի թեմի առաջնորդը՝ Մկրտիչ արքեպիսկոպոս Պռոշյանը, Գալյանը պատասխանեց. «Նման իրավիճակները միշտ էլ անընդունելի են, եթե կան այդպիսիք։ ՄԻՊ–ը արձագանքել է երեկ։  Բոլոր այն երևույթները, որոնք կապված են պաշտպանությունը իրականացնելուն, կարծում եմ՝ պիտի պատշաճ կերպով իրականացվեն։ Թե ինչ է եղել իրականում, չեմ կարող ասել, որովհետև ինֆորմացիայի չեմ տիրապետում, և չեմ էլ կարող տիրապետել»։

Հարցին՝ պատրաստվու՞մ է մասնակցել Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրված հոգևոր հավաքին, Սրբուհի Գալյանը պատասխանեց. «Երբ որ հավաքը լինի, կմտածեմ»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ 3 անձ՝ այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը, ձերբակալվել են։

Խուզարկություններն իրականացվել են Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարության հիմքով հարուցված վարույթի շրջանակներում։ Նա ասել էր, որ Արագածոտնի թեմից հրահանգ են տվել հոգևորականներին մասնակցել 2021 թվականի ընդդիմության ակցիաներին։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:

Քննչական կոմիտեն վարույթը նախաձեռնել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա, որն առնչվում է Հանրայինի եթերում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի հայտարարությանը: Քահանան ասել էր, որ 2021-ի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով: Համարելով, որ հանրահավաքին մասնակցելու պարտադրանքը Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» խնդրել էր քննել այն: