Հայաստանի դատախազությունն առաջիկայում կրկին միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանին՝ «Մարտի 1»-ի գործով անցնող ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանին և «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին արտահանձնելու հարցով։
Ազգային ժողովում կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
««Մարտի 1»-ի գործով Գևորգ Կոստանյանը և «Մարտի 1»-ի գործի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը մեղադրվում են հետագայում պաշտոնական դիրքի չարաշահմամբ ապացույցների կեղծման և գործի քննությունը խեղաթյուրելու դրվագներով։ Նրան մեղադրանքները բուն մարտի 1-2-ի գործողությունների հետ կապ չունեն»,- նշել է դատախազը՝ հավելելով, որ նրանք գտնվում են հետախուզման մեջ։
Գևորգ Կոստանյանն ու Վահագն Հարությունյանը գտնվում են Ռուսաստանում, ՀՀ դատախազությունը մեկ անգամ նրանց արտահանձնելու միջնորդություն ներկայացրել է, սակայն ռուսական կողմը մերժել է այդ միջնորդությունը։
«Ռուսաստանի հետ մենք աշխատում ենք բազմակողմ պայմանագրի շրջանակում, այս պահին դա Քիշնևի կոնվենցիան է։ Այս պահին մենք չունենք ռուսական կողմից համաձայնություն այս անձանց արտահանձնելու վերաբերյալ։ Դատախազությունն առաջիկայում կրկին հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանին՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը»,- ասել է Վարդապետյանը։
ՀՀ գլխավոր դատախազը նաև պարզաբանեց, որ ոչ միայն «Մարտի 1»-ի, այլ նաև որոշ այլ քրեական վարույթներով անցնող անձինք կան, որոնք հետախուզման մեջ են, գտնվում են Ռուսաստանում, ունեն Ռուսաստանի քաղաքացիություն, իսկ Ռուսաստանը իր քաղաքացիներին չի արտահանձնում, ինչպես, օրինակ, Հայաստանը չի արտահանձնում իր քաղաքացիներին։
Նշենք, որ Գևորգ Կոստանյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ նա զբաղեցրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնը (2004-2017 թթ)։
Վահագն Հարությունյանը, որը 2007-2011 թվականներին զբաղեցրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը և ղեկավարել է «Մարտի 1»-ի գործի քննչական խումբը, մեղադրվում է կարևոր ապացույցներ կեղծելու մեջ։



