ՀՀ ԱՍՀ նախարարն ու Քուվեյթի դեսպանն այցելել ե...

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ու ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանն այցելել են ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն։

նախարարությունից հայտնում են, որ այցի նպատակն էր տեղում գնահատել կենտրոնի շենքային պայմանները և քննարկել հնարավոր համագործակցության նոր ուղղությունները։

Հաստատության ղեկավարության ուղեկցությամբ՝ նախարարն ու դեսպանը շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել բնակիչների համար ստեղծված պայմաններին և խնամքի տրամադրման գործընթացներին։

Այցի ընթացքում քննարկվել են հաստատության շենքային պայմանների շարունակական բարելավման, միջավայրի հարմարավետության բարձրացման և մատչելիության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր։

Դիտարկվել է նաև Քուվեյթի Պետության կողմից հավելյալ աջակցության տրամադրման հնարավորությունը՝ կենտրոնի ենթակառուցվածքների արդիականացման և շենքային պայմանների բարելավման ուղղությամբ։

Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել Քուվեյթի Պետության կողմից արդեն իսկ տրամադրված աջակցության դերը՝ նոր մասնաշենքի կառուցման և կահավորման գործում։ Նախարարի խոսքով՝ այս ներդրումը կարևոր և էական ազդեցություն է ունեցել կենտրոնի շահառուների կյանքի որակի բարձրացման վրա՝ ապահովելով առավել հարմարավետ և ներառական միջավայր։