Գիտեք, որ 44-օրյա ու նաև իմ պաշտոնավարումից հետո ԶՈՒ բարեփոխումների՝ բավականին լուրջ ընթացք է սկսվել ու այն, ինչ այսօր ունենք, դա բարեփոխումների ընթացքն է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այսօր գնահատական հնչեցնել, թե ինչ արդյունք կտան մեր բարեփոխումները, բավականին վաղ, և ես չէ, որ պետք է տամ այդ գնահատականը: Կիսում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի այն մոտեցումը, որ պետք չէ արհեստականորեն ոչ միայն սրբագործել, այլև պատասխանատվության այնպիսի մասնաբաժին դնել Զինված ուժերի վրա, որը Զինված ուժերը ու առաջին հերթին ժամկետային զինծառայողը չի կարող կրել իր ուսերին։
Ամենևին խոսքն այն մասին չէ, որ մենք սրանով վատաբանում ենք ինչ-որ կերպ նրանց վաստակը նսեմացնել։ Խոսքն այն մասին է, որ մենք զինված ուժերին վերաբերում ենք հարգանքով, պատասխանատվությամբ, և ուզում ենք, որ պատասխանատվությունը լինի բալանսավորված։ Մենք հասկանում ենք, որ անվտանգություն ասելով՝ միայն սահմանին կանգնած զինվորը չէ։
Անվտանգությունը պետք է լինի տնտեսական, արտաքին քաղաքական և սա պետք է բալանսավորել։ Սրան է վերաբերում վարչապետի խոսքը և այն, որ տարբեր հարթակներում փորձում են սա փոխակերպել այդ մոտեցման, ամենևին այդպիսին չի: Վարչապետը խոսել է նաև նրա մասին, այո, որ բանակը, զինվորը մեր հոգածության և ուշադրության կարիքն ունի, և մենք այսօրվա մեր հատկացված բյուջեով, աշխատավարձի բարձրացումով, սոցիալական հատկացումներով նաև ապացուցում ենք մեր վերաբերմունքը զինված ուժերի նկատմամբ»,- ասաց Սուրեն Պապիկյանը: