Հայ–ռուսական զորավարժություններ այս պահի դրությամբ պլանավորված չեն, սակայն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի բացառում դրանց հնարավորությունը տարվա ընթացքում:
Պապիկյանն այս մասին ասաց 2024 թվականն ամփոփող ասուլիսում:
«Հայ–ռուսական զորավարժություններ այս պահին պլանավորված չեն: Տարին նոր է սկսվել, չեմ կարող ասել, թե չեն լինի, բայց այն, որ պլանավորված չեն, փաստ է»,–ասաց նախարարը:
Թե տարվա ընթացքում Հայաստանն ինչ բնույթի, ինչ ուժերի, միջոցների ներգրավվածությամբ զորավարժություններ կունենա, կախված կլինի ընթացիկ տարվանից: Այս պահին նախարարը ձեռնպահ մնաց դրա մասին տեղեկատվություն տալուց:
Պապիկյանը հայտնեց. «Ունենք քննարկումներ՝ տարբեր միջազգային գործընկերների հետ տարբեր համատեղ զորավարժություններ անցկացնելու: Լիահույս եմ, որ դրանք կհաջողվեն և տեղի կունենան: Ընթացիկ մարզումներ և զորավարժություններ նույնպես պլանավորված են»: