Առաջիկայում ավելի օբյեկտիվ զnրակnչ ենք ունենա...

Մենք ամեն տարի զորակոչից առաջ փոփոխություններ ենք կատարում կառավարության տարբեր որոշումներով, որոնք էապես փոխում են մեր զորակոչային ռեսուրսի պատկերը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:

«Ես ձեզ պիտի ասեմ, որ ամառային զորակոչի արդյունքում, մեր փոփոխությունների բերումով  զորակոչի թվաքանակը ավելացել է 1/5-ով: Այսինքն, նախորդ տարի ամառային զորակոչի նկատմամբ 1/5-ի չափով ավելացել է զորակոչը։ Նույնն ակնկալում եմ նաև ձմեռային զորակոչից, որովհետև ձմեռային զորակոչի ժամանակ նույնպես մենք որոշակի խողովակներ փակեցինք:

Ես պետք է խոստովանեմ, որ որքան էլ մենք հետևողական ենք, փորձում ենք ուշադրություն դարձնել, թե որ հիվանդություններն են ավելանում, որոնք են պակասում, ես չեմ  դա համարում օբյեկտիվ, այլ համարում եմ, որ սրանք ունեն սուբյեկտիվ շերտեր, այս հանգամանքից ելնելով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ պաշտպանության նախարարի գլխավորությամբ, որին մասնակցում են մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ:

Մենք հիմա փորձում ենք վերանայել զորակոչի ձևը և բովանդակությունը, հիմքում պետք է դրված լինի զինակոչիկի ֆունկցիոնալությունը։ Սա հնարավորություն կընձեռի, որպեսզի ժամանակակից պահանջների զորատեսակներին համապատասխան, մենք կարողանանք ներգրավել նաև այնպիսի զինակոչիկների, որոնք առաջին հայացքից այսօրվա կառուցակարգերով պիտի ազատվեին բանակից, բայց ինձնից ու ձեզնից ֆիզիկապես չեն տարբերվում, թե իրենց աշխատանքային ոլորտով, թե իրենց ֆիզիկական զբաղվածությամբ, և սա կարծում եմ՝ էապես կփոխի մեր ընդհանուր պատկերը և կբերի նրան, որ մենք կունենանք ավելի օբյեկտիվ զորակոչ և հարցեր չեն առաջացնի, որոնք մեր գործընկերները հնչեցնում են»,- ասաց նա: