ՀԷՑ-ը պարտավոր է բացատրություն տալ՝ ինչու կա...

Արդեն ավելի քան երկու շաբաթ Գյումրիում էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ կան։ ՀԷՑ-ն իհարկե չքմեղանում է, ու հայտարարում, որ ամեն բան կարգին է, բայց իրականում այդպես չէ։ Արդեն ավելի քան 14 օր Գյումրիում տարբեր ժամերի՝ 15 րոպից մինչեւ 1 ժամ տեւողությամբ էլեկտրաէներգիայի անջատումներ են լինում։ Ու ոչ մի անգամ ՀԷՑ-ը, որը պատկանում է ի դեպ ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանին, չբարեհաճեց օրինակ հետաքրքրվել, թե արդյոք նեղություն պատճառել է գյումրեցի սպառողներին թե ոչ, կամ այդ անջատումների հետեւանքով քանի էլեկտրակենցաղային տեխնիկա կամ համակարգչային մասնագիտական տեխնիկա վառվել ու դարձել ոչ պիտանի։ Սակայն երբ էլեկտրականության մատակարարման հետ կապված խնդիրները բարձրացնում է ջրամատակարար ֆրանսիական կապիտալ ներկայացնող «Վեոլիա ջուր» ընկերությունը, ըստ էության ռուսական կապիտալ ներկայացնող ՀԷՑ-ը ամբողջ կոկորդով աղաղակում է ու արդարանում։ Մինչդեռ սա արդեն նորմալ չէ։ Առնվազն պետք է ունենալ անկեղծություն ու բացատրել խնդիրը ինչումն է, որովհետեւ Գյումրիում տարբեր վարկածներ են պտտվում՝ սկսած այն հանգամանքից, որ Մեծամորի ԱԷԿ-ը չի գործում դրա համար է խնդիր առաջացել, մինչեւ այն, որ տեղային ինչ որ «մախինացիաների» հետեւանք է։ Ի վերջո, ռուսական կապիտալ ներկայացնող ընկերությունը պետք է հասկանա, որ պարտավորություն ունի բարեխիղճ մատակարարելու էլեկտրաէներգիա ու սպառողի համար բացարձակապես միեւնույնն է այդ էլեկտրաէներգիան որտեղից է ստանում․ ինքը սպառող է, ով գումար է վճարում եւ գնում է այդ ապրանքը կամ ծառայությունը։ Հետեւաբար նման ընթացքը եթե շարունակվի, ապա հանրային պահանջ կհասունանա էներգամատակարարման հարցում պետական միջամտություն լինի եւ քաղաքականություն փոխվի գլոբալ առումով։ Ու եթե ռուսական կապիտալը եւս մեկ խաղացողի կորցնի, ապա պետք է մեղադրի միայն ու միայն իրեն ու իր այն մոտեցմանը, որ հայաստանցի կամ գյումրեցի սպառողը երկրորդ սորտի մարդ չէ ոչ էլ ետնաբակում ընկած մուրացկան, որի հետ կարելի է վարվել ըստ քմահաճույքների։ Ու խոսքը նախապես հայտարարված անջատումների մասին չէ, թող ՀԷՑ-ից ոչ մեկը չհամարձակվի վկայակոչել նախապես հայտարարված անջատումները։ Խոսքը քմահաճույքային բնութ կրող անջատումների մասին է։