Մհեր Մելքոնյան․ Արթիկի վերածնունդը պետք է դիտ...

Քաղաքագետ Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանի ներքին կայունության և տնտեսության վերակառուցման կարևորագույն ուղղություններից մեկը տեղական ինքնակառավարման արդյունավետ համակարգի ստեղծումն է։ Նրա խոսքով, դա հնարավոր չէ պատկերացնել առանց համայնքների համաչափ և երկարաժամկետ զարգացման։

«Արթիկի օրակարգային ներառումը որպես վերականգնվող տնտեսական և մշակութային կենտրոն պետք է դիտարկվի ոչ միայն համայնքային, այլև համապետական ռազմավարական շրջանակում», — նշել է Մելքոնյանը։

Նրա գնահատմամբ՝ Արթիկը տարիներ առաջ եղել է խոշոր արդյունաբերության, շինարարական հումքի և գյուղատնտեսական մշակաբույսերի վերամշակման կարևոր կենտրոն։ Քաղաքի վարդագույն տուֆը, ինչպես ընդգծել է նա, ոչ միայն Արթիկի հարստությունն է, այլև Հայաստանի շինարարական մշակույթի անբաժանելի մասը։

Սակայն Մելքոնյանի խոսքով, քաղաքական անկայունությունը և համաչափ զարգացման բացակայությունը Արթիկին լուրջ տնտեսական ու սոցիալական փակուղու մեջ են գցել։ Այնուամենայնիվ, քաղաքը շարունակում է պահպանել իր ներքին ռեսուրսները՝ ինչպես նյութական, այնպես էլ մարդկային, ինչը հնարավորություն է ստեղծում վերածննդի համար։

Արթիկի ճգնաժամի հիմնական պատճառները, ըստ նրա, հետևյալն են․

  • չօգտագործված տնտեսական ներուժ,

  • տեխնոլոգիապես հետամնաց գյուղատնտեսություն,

  • բնակչության արտահոսք,

  • ներդրումների գրավչության բացակայություն,

  • տեղական ինքնակառավարման սահմանափակ հնարավորություններ,

  • հասարակական պասիվություն։

Մելքոնյանի կարծիքով՝ Արթիկի վերածնունդը պետք է դիտվի միաժամանակ տնտեսական, սոցիալական և ինստիտուցիոնալ մակարդակներում։ Նա առաջարկում է մի քանի առանցքային ուղղություններ՝ արդյունաբերության վերակենդանացում, գյուղատնտեսության զարգացում, մարդկային կապիտալի խթանում, զբոսաշրջության և մշակութային ինքնության պահպանում։

Միևնույն ժամանակ, քաղաքագետը կարևորում է նաև ղեկավարության դերը․ «Այս բոլոր ծրագրերն իրականություն կդառնան միայն այն դեպքում, երբ համայնքը կղեկավարեն հայրենասեր, բարոյական և ազգային արժեհամակարգով առաջնորդվող անհատներ»։

Վերջում Մելքոնյանը ընդգծել է, որ Արթիկը պետք է դիտարկել ոչ միայն որպես մարզային տնտեսության վերականգնման տարածք, այլ նաև որպես ազգային վերակառուցման մոդել։