Վիտալի Մանգասարյան․ պարտադիր զինծառայության ժ...

Քաղաքագետ Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կառավարության շրջանառության մեջ դրված օրինագիծը, որը նախատեսում է պարտադիր ժամկետային զինծառայության տևողության կրճատումը 24 ամսից դարձնել 18 ամիս սկսած 2026 թվականի ամառային զորակոչից, լուրջ ռիսկեր է պարունակում։

Նրա խոսքով՝ թեև նախագիծը ներկայացվում է որպես ԶՈւ բարեփոխում, այն իրականում մտահոգիչ է՝ հատկապես տարածաշրջանային և գլոբալ ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում։

«Իշխանությունները խոսում են «խաղաղության դարաշրջանի» մասին՝ այն համեմատելով ծաղկի հետ, որը պետք է ջրել, պարարտացնել և խախան անել։ Սակայն զինվորական ծառայության կրճատման մասին նախագիծը ավելի շատ նման է ծաղկի բողբոջը հենց արմատից կտրելու գործընթացի», — նշել է Մանգասարյանը։

Քաղաքագետը հիշեցնում է, որ աշխարհում ընթացող անկանխատեսելի գործընթացների ֆոնին շատ երկրներ, որոնք նախկինում հրաժարվել էին պարտադիր զինծառայությունից, այժմ վերանայում են իրենց դիրքորոշումը և քննարկում դրա վերականգնումը։ Այդ երկրները, ըստ նրա, մեծացնում են ռազմական բյուջեները և բանակի մարտունակությունը բարձրացնելու ծրագրերը՝ գիտակցելով, որ անվտանգությունն այլևս տրված չէ։

«Մինչդեռ Հայաստանի կառավարությունը, որը իրենց իսկ նկարագրությամբ յոթ տարի մնացել է նույն դասարանում, անտեսելով տարածաշրջանային ու համաշխարհային մարտահրավերները, գնում է բանակը կրճատելու և թուլացնելու ճանապարհով», — ընդգծել է Վիտալի Մանգասարյանը։

Հրապարակման ավարտին նա հավելել է․ «Ցավոք սրտի սա դեռ սկիզբն է…»