2025-ի հունվար-օգոստոսին ունենք հարկային եկամ...

Հիմնական ցուցանիշներից առաջինը, որ բնութագրում է մեր գործունեությունը, հարկային եկամուտների հավաքագրումն է: 2024-ին 2 տրիլիոն 391 մլրդ հարկային եկամուտներ ենք հավաքագրել, որը 117 միլիարդով կամ 5,1 տոկոսով ավելի է նախորդ տարվանից: Այդ մասին Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 11-ի նիստին Պետական եկամուտների կոմիտեի՝ 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Եթե խոսենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշից, եղել է մոտ 23,5 տոկոս, սակայն այստեղ որոշակի նվազում ունենք՝ 0,5 տոկոսային կետով: Երկու հիմնական գործոն ունենք՝ որոշ ապրանքների գծով ներմուծման նվազումը և որոշ ոլորտների, մասնավորապես՝ բանկերի և շինարարության հարկերի տեղափոխումն այս տարի»,- ասաց նա:

2025-ի հունվար-օգոստոսին, ըստ ՊԵԿ նախագահի, իրավիճակը փոխվել է, ունենք հարկային եկամուտների 14 տոկոսը գերազանցող աճ: Այն առաջանցիկ է ՀՀ տնտեսական զարգացումներից, հետևաբար՝ նաև տնտեսության տեմպերից: Նկատելի են նաև համախառն ներքին արդյունքից առաջանցիկ տեմպեր:

«Տարվա արդյունքներով հարկեր-ՀՆԱ-ի էական բարելավում ենք ակնկալում: Ինչի՞ հետևանք է սա. երկու խումբ գործոններ ունենք՝ տնտեսական կտորը (բանկեր-շինարարություն), որին հակազդում է հանքարդյունաբերությունը, բայց էական գործոն է նաև վարչարարության արդյունավետության բարձրացումը, որը մեր ամենօրյա հոգատար աշխատանքի արդյունքն է»,- ասաց նա:

ՊԵԿ նախագահը ներկայացրեց նաև հարկային մարմնի հավաքագրումների մասով 2024 թվականի տվյալները:

«Հարկային մարմնի հավաքագրումների մասով 11,2 տոկոս աճ ունենք, մաքսայինի մասով 15 տոկոս անկում ունենք: Սրանից պարզ է դառնում, որ խնդիրը ներմուծումն է: Հարկային մասով հավաքագումները նույնիսկ մի փոքր առաջանցիկ են եղել տնտեսական զարգացումներից»,- ասաց նա: