«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն արձագանքել է «Տաշիր Կապիտալ» ընկերության փաստաբան Տիգրան Հայրապետյանի՝ 2024 թվականի նոյեմբերի 12-ին ներկայացրած հաղորդմանը, որի համաձայն՝ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընթացակարգի խախտմամբ է նշանակել ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Ա. Շահնազարյանին։
Ինչպես տեղեկացնում է ՀԷՑ-ի տարածած հաղորդագրությունը, ընկերությունը հայտարարել է, որ պնդումները չեն համապատասխանում իրականությանը, և նշանակումը իրականացվել է գործող իրավակարգավորումների խիստ պահպանմամբ։
ՀԷՑ-ը պարզաբանում է, որ հաղորդման մեջ հիշատակվող ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 25․05․2016թ․ 125-Ա որոշումը վերաբերում է ընկերության ղեկավար աշխատողների չափորոշիչների համաձայնեցման նախկին գործընթացին՝ այն ժամանակ գործող թիվ 0092 լիցենզիայի 4․36-րդ կետի շրջանակում։
Ընկերության փոխանցմամբ, այս կարգավորումը փոխվել է 21․12․2018թ․ ՀԾԿՀ 747-Ա որոշմամբ, որով հաստատվել է թիվ 0092 լիցենզիայի պայմանների նոր խմբագրությունը։ Նոր դրույթի՝ 28-րդ կետի համաձայն՝ «Լիցենզավորված անձի ղեկավար աշխատողները պետք է համապատասխանեն Հանձնաժողովի կողմից սահմանված չափորոշիչներին»։
Այսպիսով, ըստ ընկերության, ներկայումս պահանջվում է, որ չափորոշիչները սահմանվեն հենց հանձնաժողովի կողմից, ոչ թե ընկերության կողմից նախապես առաջարկվեն և համաձայնեցվեն՝ ինչպես նախկինում։
ՀԷՑ-ը շեշտում է, որ ՀԾԿՀ-ն ներկայումս չունի ընդունված որոշում, որով կսահմանվեին ընկերության ղեկավար աշխատողների չափորոշիչները։ Այդ պայմաններում 2016թ․ 125-Ա որոշումն այլևս լիովին չի համապատասխանում գործող լիցենզիայի տրամաբանությանը և չի կարող կիրառվել։
Ընկերությունը հիշեցնում է նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջը, ըստ որի՝ կոլիզիան կարգավորվում է ավելի ուշ ուժի մեջ մտած իրավական ակտով՝ այս դեպքում 747-Ա որոշմամբ։
ՀԷՑ-ը ընդգծում է, որ Էկոնոմիկայի և ֆինանսների նորանշանակ տնօրեն Արմեն Շահնազարյանը շուրջ 25 տարվա փորձ ունի ֆինանսական ոլորտում։ Նրա աշխատանքային կենսագրությունը ներառում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ, ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն-տնօրինության նախագահ և այլ պաշտոններ։
Ընկերությունը հավաստիացնում է, որ նշանակումը ամբողջությամբ համահունչ է գործող իրավակարգավորումներին։



