ՀԷՑ-ի կարիքների համար գնահարցումների փուլին մ...

Հայաստանի էլեկտրական ցանցերի կարիքների համար 8 գնման առարկաների (նախագծային ծառայություններ, էլեկտրոնային հաշվիչներ, մալուխ եւ այլն) ձեռքբերման մրցութային գնումները ներառական եւ թափանցիկ կազմակերպելու նպատակով իրականացված շուկայի նախնական ուսումնասիրության եւ բուն գնահարցումների փուլին մասնակցել է 125 ռեզիդենտ ընկերություն։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ 

Նա նշել է, որ այդ թվում նախագծային ծառայությունների ձեռքբերման գնառաջարկի փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել 39 ընկերություն, որից տեխնիկական բնութագրերի տրամադրումից հետո ՀԷՑ-ին գնառաջարկ է ներկայացրել 16 ընկերություն։  

35կՎ ուժային մալուխների ձեռքբերման գնառաջարկին մասնակցելու հայտ է ներկայացրել 31 ընկերություն, որից ՀԷՑ-ին գնառաջարկ է ներկայացրել 14 ընկերություն։

Օգոստոսի 20-ին  պաշտոնապես հրապարակային ծանուցմամբ կմեկնարկեն նշված երկու մրցութային գնումների գործընթացները։ 

ՀԷՑ-ի կարիքների համար իրականացվող գնումների մրցութային գործընթացներին մասնակցելու ծանուցումներն ու անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը հասանելի կլինեն ներքոհիշյալ օնլայն հարթակներում՝ www.azdarar.am, www.armeps.am,  www.gnumner.am, www.ena.am (պաշտոնական կայքէջ), Հայաստանի էլեկտրական ցանցեր / Electric Networks of Armenia (ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջ)։

«ՀԷՑ-ի կարիքների համար գնման մյուս 6 առարկաների գնումների գործընթացները գտնվում են նախապատրաստական փուլում (շուկայի ուսումնասիրություն, գնահարցում եւ այլն), որոնցից երկուսի մասով դեռեւս վերջնաժամկետները չեն ավարտվել։ 

Սահմանված կարգով դրանց արդյունքների ամփոփումից հետո բուն գնման գործընթացները եւս կհայտարարվեն հաջորդիվ՝ նոր պաշտոնական ծանուցմամբ»,-գրել է Պետրոսյանը։