ՀԴԲ-ն ձերբակալել է Նյու Յորքի նախկին քաղաքապե...

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Էրիկ Ադամսի աշխատակազմի նախկին ղեկավար Ֆրենկ Կարոնեն ձերբակալվել է ՀԴԲ (FBI) գործակալների կողմից՝ կաշառակերության հետ կապված ենթադրյալ կոռուպցիոն սխեմայի հետաքննության շրջանակներում։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կարոնեի հետ միասին ձերբակալվել են նաև նրա եղբայրը ևս երկու հոգի։ Մեղադրանքներն առաջադրվել են Նյու Յորք նահանգի Արևելյան օկրուգում։ Գործի մանրամասները հայտնի կդառնան մեղադրական եզրակացության նյութերի հրապարակումից հետո։

ՀԴԲ-ի և դատախազության ներկայացուցիչները դեռևս հրաժարվել են մեկնաբանություններից։ Կարոնեի փաստաբանները՝ Ռասել Կապոնեն և Էնդրյու Գոլդստեյնը, նույնպես չեն մեկնաբանել իրենց պաշտպանյալի ձերբակալության մասին լուրերը։

Կարոնեն Նյու Յորքի քաղաքապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2022 թվականի դեկտեմբերը։ Այն ժամանակ Էրիկ Ադամսը հայտարարել էր, որ իր վաղեմի զինակիցը կատարել է քաղաքային նոր վարչակազմի ձևավորման խնդիրը և հեռացել պաշտոնից՝ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

Կարոնեի ձերբակալությունը տեղի է ունեցել քաղաքապետի շրջապատի նկատմամբ շարունակվող ուշադրության ֆոնին։ Ինքը՝ Էրիկ Ադամսը, 2024 թվականին ներգրավվել էր կոռուպցիայի վերաբերյալ դաշնային մի գործում։ Քննությունը նրան մեղադրում էր քաղաքական աջակցության դիմաց թուրքական շահերի հետ կապված անձանցից նախընտրական արշավի համար անօրինական նվիրատվություններ, անվճար ավիատոմսեր և այլ արտոնություններ ստանալու մեջ։ Ի թիվս այլ հարցերի՝ հաղորդվում էր, որ քաղաքապետն օգնել է արագացնել Նյու Յորքում թուրքական դիվանագիտական նոր շենքի բացումը։

Ադամսը հերքել է բոլոր մեղադրանքներն ու հայտարարել իր անմեղության մասին։ 2025 թվականի ապրիլին դաշնային դատարանը վերջնականապես կարճել է գործը՝ արգելելով նույն մեղադրանքներով դրա կրկնակի հարուցումը։

Քաղաքապետարանից հեռանալուց հետո Կարոնեն նույնպես հերքել է օրենքի հնարավոր ցանկացած խախտում։ Նա իր հասցեին հնչող պահանջներն անհիմն է անվանել և իր անձի հանդեպ մեծացած ուշադրությունը կապել քաղաքական գործունեության, բիզնեսում հաջողությունների և, ինչպես ինքն էր ձևակերպում, Բրուքլինի Քանարսի թաղամասում մեծացած իտալաամերիկացու նկատմամբ առկա կարծրատիպերի հետ։