2018 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն եւ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, հասարակության մեջ շատերի մոտ հույսեր արթնացան, որ երկիրը առաջընթաց կգրանցի, Արցախի հարցը վերջապես ի նպաստ հայերի կլուծվի, տնտեսությունը կհզորանա, ժողովրդագրական աճ կունենանք, արտագաղթը կկանխվի, կոռուպցիան կվերանա, արագաչափերը եւ կարմիր գծերը կվերանան եւ այսպես շարունակ։ Նիկոլ Փաշինյանի խոստումների մասին կարելի է նույնիսկ բազմահատորյակ գրել։
Սակայն իշխանության գալուց հետո, պարզվեց, որ խոստումները մնացին լոկ խոստումներ, իսկ իրականությունը շարունակաբար գնալով ավելի է վատթարանում։
Կոռուպցիան չվերացավ, այլ այն աստիճան ծավալվեց ու ընդգրկուն չափերի հասավ, որ նույնիսկ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ տպավորություն է, թե ով որտեղ հասցնում կաշառք է վերցնում։
Երկիրը առաջընթաց չունեցավ, տնտեսության վագրային թռիչքներով առաջընթացը այդպես էլ չեղավ։ Տնտեսական աճի ցուցանիշները միայն պայմանավորվեցին Եվրասիական տնտեսական միության ներսում գործող մեխանիզմներով ինչպես նաեւ ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությամբ, ռուսների ներհոսքով։
Ժողովրդագրական աճ այդպես էլ չունեցանք, ընդհակառակը՝ ավելի քան 5 հազար զոհ տվեցինք 44-օրյա պատերազմում։ Փոխարենը Հայաստան են եկել հնդիկներ, ովքեր մասնակցում են նաև ընտրությունների և իշխանության հրավիրած հանրահավաքներին։
Արցախի հարցը ոչ միայն ի նպաստ հայերի չլուծվեց, այլ անպատասխանատու ու անհավասարակշիռ քաղաքական գծի հետեւանքով 44-օրյա պատերազմը տեղի ունեցավ, որտեղ հայկական կողմը պարտվեց, սկզբում մնացին Արցախի փշրանքները՝ ռուս խաղաղապահների հսկողության ներքո, իսկ վերջում էլ՝ առհասարակ Արցախը հանձնվեց Ադրբեջանին ու հայաթափվեց։ Հիմա արդեն Հայաստանի հարցն է քննարկվում։ Ադրբեջանը ոչ միայն օկուպացրել է տարածքներ Հայաստանից, այլև «Արևմտյան Ադրբեջանի» թեզն է առաջ տանում, որը բերելու է Հայաստանի մասնատման։
Դե իսկ արագաչափերն ու կարմիր գծերը մնացին, ավելին՝ տարածվեցին գրեթե ամեն տեղ, ուր քիչ թե շատ աշխույժ երթեւեկություն կա։ Ավելին, հիմա էլ Երեւանի կենտրոն մուտքն են ուզում վերածել «հայկական երազանքի» և կարմիր գծերի համար նախատեսված տարեկան վճարները ցանկանում են բարձրացնել 1300 տոկոսով։
Այս ամենի ֆոնին իհարկե զարմանալի է, որ նա նախ շարունակում է մնալ իշխանության ղեկին եւ նաեւ տարակուսելի է, որ շարունակում է խոսել ապագայից․ խաղաղությունից և զարգացումից։ Տպավորություն է, որ տեղի ունեցածն առհասարակ նրա «վեջը չի» և չի էլ պատկերացնում, թե ինչ աղետ է բերել հազարամյա ժողովրդի գլխին։
Փաշինյանի կեցվածքին հետեւելիս, ակամա հիշում ենք հայտնի հումորային սկետչը՝ «Վեջս չի» դեղամիջոցի մասին ու կարծես թե Փաշինյանն ակտիվորեն օգտագործում է այդ «Վեջս չի» դեղամիջոցը։ Ավելին նա այդ դեղամիջոցով կիսվում է նաև իր հարազատ ՔՊ-ականների հետ։ Այլ բացատրություն չի կարող լինել եղած աղետների ֆոնին նրանց անհոգ, լկտի ու ցինիկ կյանքը։



