Հայրենիքի փրկությունը գնում է արձակուրդ

Պատերազմի ավարտից արդեն 9 ամիս է անցել, բայց Հայաստանի հանրությունն այդպես էլ չկարոցավ իր հարցերի պատասխանները գտնել, որոնք կբերեին հանրային հանդարտության։ Այս ընթացքում իշխանությունն ու ընդդիմությունն ամեն բան արեցին, որպեսզի հանրային պառակտվածությունը առավել արմատներ գցի։

Իշխանությունները ամբողջ թափով գործի էին դրել ստի ու կեղծիքի մեքենան։ Այս ընթացքում ամենաանհնարին ստերը լցրեցին հանրության իրենց հավատոցողների հատվածի գլխում։ Իրավիճակն այնքան է բարդացել, որ իշխանություններին սատարողների մեծ մասը պատրաստ է հավատալ ամենաանհնար թվացող հիմարությանը, բայց չի ցանկանում տեսնել ճշմարտությունը։ 

Ընդդիմությունն էլ այս ընթացքում կրակի վրա բենզին էր լցնում։ Փողոցում մշտապես ակցիաներ էին, հանրային ելույթներ և հարցազրույցներ, որոնց  հիմքում այն էր, որ այս իշխանությունները դավաճան են և վաճառել են հողերը, իսկ հազարավոր զոհերը եղել են իրենց հանցագործությունը թաքցնելու համար։ Ընդդիմադիր առաջնորդները նաև պնդում էին, որ այս իշխանության վերարտադությունը կնշանակի Հայաստանի վերջը, որը ամեն գնով չպետք է թույլ տալ։

Ի վերջո, այս ամենը բերեց նրան, որ ատելությունը մտավ անգամ ընտանիքներ և հականիկոլական եղբայրը սկսեց ատել նիկոլական եղբորն ու հակառակը։ 

Ընտրությունները ապահովեցին այս իշխանության վերարտադրությունը։ Ու հիմա քաղաքական առաջնորդների համար ամեն բան վերադառնում է հանգիստ հուն։ Ըստ էության, նախորդ ամիսներին ամեն բան արվում էր մեկ ձայն ավել հավաքելու համար։ 

Ու հիմա նայելով քաղաքական դաշտին հասկանում ես, որ հայրենիքի փրկությունը արձակուրդ է գնում ու կվերադառնա ամենայն հավանականությամբ սեպտեմբերին։ Ի վերջո, իրենց էլ հասկանալ պետք է՝ ամառվա այս տապին դժվար է փրկել հայրենիքը, իսկ աշնանը եղանակային պայմանները առավել բարենպաստ են փրկության համար։ Իսկ հանրությունը թող շարունակի ապրել ատելության մեջ, դա հանուն փրկության է։