Հայկ Սարգսյանն իր այդ գրառմամբ նախազգուշացնու...

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը երեկ ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ 6 դատական հայց է ներկայացրել լրատվամիջոցների դեմ: Իր խոսքով՝ տևական ժամանակ է՝ մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվական արշավ է սկսվել իր դեմ, և նախաձեռնության հեղինակներն ու նրանց լրատվամիջոցները սուտ և կեղծ տեղեկություններ են տարածում պատգամավորի մասին՝ նպատակ ունենալով արատավորել իր պատիվն ու արժանապատվությունը, խոչընդոտել պատգամավորական գործունեությանը։ 

Նշենք, որ 6 դատականը հայցերից 2-ը «Անդրադարձ» մամուլի ակումբ ՀԿ-ի դեմ են, որի լրատվական կայքն է հանդիսանում Newspress.am կայքը:

Politik.am-ը թեմայի շուրջ զրուցել է Newspress.am-ի գլխավոր խմբագիր Արիանա Հովսեփյանի հետ: Վերջինս նշում է՝ իրենց կատարած ոչ մի հրապարակում անիմաստ չէ: «Եթե մենք աղբյուր չենք բացահայտում, դա չի նշանակում, որ մենք հերյուրանք ենք հրապարակում: Հայկ Սարգսյանն իր գրառմամբ արդեն իսկ ասաց, որ դատարանում հաղթելու է, անգամ գումարի չափն ու հետագա օգտագործման նպատակն է նշել: Հարց է առաջանում՝ իր այդ գրառմամբ նախազգուշացնու՞մ էր դատարաններին, թե՞ ճնշում էր գործադրում»:

Զրուցեցինք նաև այս գործով Newspress.am-ի շահերը ներկայացնող փաստաբան Գարիկ Սահակյանի հետ, ով ասաց.«Մենք այսօր կապ ենք հաստատել դատարանի աշխատակազմի հետ, պետք է փաստաթղթերը վերցնելուց հետո պատասխան ներկայացնենք, բայց քանի որ սա նոր սկսվող գործ է, իմ կողմից հայտնած ցանկացած պաշտպանողական հայտարարություն կարող է հակառակ կողմի համար փաստարկ լինել: Թույլ տվեք դեռևս չբացել փակագծերը»:

Ըստ փաստաբանի՝ գործերից մեկով ձեռք բերված հանգամանքներ կան.«Գործերից մեկի փաստական տվյալներն ընդհանրապես հայտնի չեն մեզ: Կոնկրետ փաստարկ, հստակ ապացույց ունենք, որ հայցերից մեկը ենթակա է լինելու մերժման: Եթե իրենք մի քիչ խորն ուսումնասիրեին գործի հանգամանքները, այս պահանջով դատարան չէին դիմի: Խոսքը վերաբերում է Հայկ Սարգսյանի հեռախոսահամարի մասին հրապարակմանը»:

Մարիամ Սարգսյան