Հայկ Կոնջորյանի հայտարարությունը սպառնալիք է...

Որքան էլ թվում է, որ ամենակարևորը քվեարկությունների օրն է և մարդիկ հաճախ շփոթում են քվեարկությունը ընտրությունների հետ։ Իրականում ընտրությունների ճակատագիրը զգալի չափով որոշվում է քարոզարշավի ընթացքում: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաքվե» ազգային, քաղաքացիական միավորման համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

«Այդ տեսանկյունից մենք ուզում ենք արձանագրել, որ քարոզարշավը որոշակիորեն խնդրահարույց էր այն իմաստով, որ որոշ չափով Փարաքարում, բայց առաջին հերթին Գյումրիում կար բավական լուրջ ասիմետրիա՝ մի կողմից իշխանության թեկնածուի, մյուս կողմից ընտրություններին մասնակցող  մնացած բոլոր թեկնածուների միջև»,-ասաց նա:

Չալաբյանը ուշադրություն հրավիրեց երկու դրվագի վրա. «Առաջին դրվագը տեղի է ունեցել մարտի 18-ին, երբ որ civic.am կայքը, որ ըստ տարբեր տվյալների կապված է իշխող կուսակցության հետ, հրապարակել է սոցիոլոգիական հարցման արդյունքներ, որով Գյումրիի ընտրությունների ընդգծված առաջատարը ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանն է՝ մոտավորապես 45%։ Ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը միարժեք սահմանում է՝ թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելիս հարցում իրականացնող կազմակերպությունը պարտավոր է նշվել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին։

Այսինքն սա արվում է նրա համար, որ առավելագույնս ճշգրիտ, անաչառ տեղեկատվություն տրամադրվի ընտրողներին և սոցիոլոգիական հարցման անվան տակ ընտրողների կամքի վրա անուղղակի ազդեցություն չգործվի։ Տվյալ դեպքում, ոչ միայն, դրանցից ոչ մեկը չի հրապարակված, այլ նույնիսկ չի հրապարակված սոցիոլոգիական հարցում անցկացվող կազմակերպության անունը։ Սա ընտրական օրենսգրքի աղաղակող խախտում է: Սա մենք ցանկանում ենք ներկայացնել ՀՀ դատախազությանը որպես հաղորդում հանցագործության մասին և կոչ ենք անում նրանց հետաքննել ընտրական օրենքի օրենսգրքի այս ակնհայտ խախտումը»,-ասաց Չալաբյանը:

Երկրորդ դրվագը, ըստ նրա այն, էր որ երեկ մեծ աղմուկ բարձրացավ ընտրակաշառքների վերաբերյալ հաղորդագրությունից հետո. «Հակակոռուպցիոն կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ և որոշակի իրավական գործընթացներ են տեղի ունենում, որոնք այսօր էլ շարունակվում են։ Բայց դրան զուգահեռ, մարտի 27-ին ԱԺ ճեպազրույցի ընթացքում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կորջոյանը հանդես է եկել այսպիսի հայտարարությամբ, որ ընտրակաշառքը գենետիկորեն կապված է ընդդիմության հետ։ Այսպիսի հայտարարությունը պարունակում է իր մեջ ակնհայտ զրպարտության տարեր, բայց նաև սպառնալիք է ընտրությունների մասնակից ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ, որովհետև չի հատկորոշվում, թե որ կոնկրետ թեկնածուին է դա վերաբերվում:

Հաշվի առնելով, որ պարոն Կոնջորյանը ՔՊ իշխող խմբակցության ղեկավարն է, ըստ էության, դա իր մեջ նաև ուղղորդման տառեր է պարունակում իրավապահ մարմինների համար։ Նրան երկրորդել է նույն խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որը երեկ հայտարարել է, որ ընտրակաշառք տվողներին իրենք «պատերով են տալու»։

Եղել են ընտրակաշառքներ, թե չեն եղել, դա իրավապահ մարմինների խնդիրն է, ԱԺ որևէ պատգամավոր իրավասություն չունի այդ հարցերին անմիջականորեն միջամտելու, առավելիս որևէ մեկին պատերով տալու։ Ուստի մենք կարծում ենք, որ երկու այս պատգամավորների մեկնաբանությունները տվյալ դեպքում խախտում են ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը, որը պահանջում է, որ ընտրաշավի ժամանակ վարչական ռեսուրս չկիրառվի։

Մենք կոչ ենք անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ուսումնասիրել այս դեպքը և տեսնել, թե որքանով է դա ազդում ընտրությունների ընթացքի վրա»,- խոսքն ամփոփեց Ավետիք Չալբյանը: