
Գյումրիում և Փարաքարում երեկվա քվեարկության արդյունքները ցույց տվեցին հայ ժողովրդի իրական վերաբերմունքը երկրում քաղաքական իշխանության նկատմամբ։ Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Ակնհայտ դարձավ, որ Հայաստանում ավագանու ընտրությունները սոսկ համայնքային չեն, դրանք դարձել են հանուն հայոց պետականության ու հայ ժողովրդի արժեքների պահպանության կռիվ։
Վառ օրինակ է Գյումրու ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում Արցախն արատավորելը, մեր հերոսների նվիրական պայքարն ու սխրանքը ոտնատակ տալը ՔՊ թեկնածուի ու ողջ ՔՊ վերնախավի կողմից: Միայն մեր քաղաքացիների արժանի հակազդեցության շնորհիվ այս արատավոր մտածողությունը չընդունվեց։
Ինչպես ասել եմ, ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտմամբ և իրար նկատմամբ ատելությամբ, քաոսով։
Արժանապատվություն վիրավորելը, մարդուն հայհոյելը և դա հատկապես ամբարտավան ձևով ու հրապարակային անելը նրանց գլխավոր զենքերից է։
Հայ ժողովրդի համերաշխությունը, մեր նվիրական արժեքների պահպանումը, իրար արժանապատվություն հարգելը և մեր ինքնությունը չուրանալն այս ամենի դեմ պայքարի դեղամիջոցներն են»,- գրել է նա: