Հայաստանյան իրականությունում՝ ինչպես աբսուրդի...
Մինչ Ադրբեջանում արդեն մամուլն է հայտարարում, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի հետ սահմանին բարենպաստ դիրքեր են գրավել, հեռացնելով այնտեղից հայերին, Հայաստանում ինքնամոռաց կերպով շարունակվում է նախընտրական բուռն շրջանը։ Այսօր արդեն հասարակության ողջ ուշադրությունը բեւեռված է այն բանի վրա, թե քիչ թե շատ իրեն հայտնի դեմքերից ով որ ուժի ցուցակում է հանգրվանելու, ինչ է լինելու հետո, եւ ովքեր չեն ներառվելու հատկապես իշխանության ցանկում եւ ինչու։
 
Տպավորությունն այնպիսին է, որ արդեն մոտ երկու շաբաթ ադրբեջանական զորքը Հայաստանում չէ հանգրվանել, ու Հայաստանին չեն վերաբերում այն խնդիրները, որոնց առաջ այսօր կանգնած է երկիրը։ Սա ինչ որ առումով նման է հայտնի ֆրանսիական խոսքին՝ «մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ»։ Կա հասարակության մեջ ամբողջական անտարբերություն։ Սա արդյոք հետպատերազմական շոկին հաջորդող հոգեվիճակների շարքից է, թե պարզապես հասարակությունը կորցրել է հետաքրքրությունը այն ամենի հանդեպ, ինչը վերաբերում է Արցախին ու անվտանգությանը, դժվար է ասել։
 
Սա իրականում անթույլատրելի եւ նույնիսկ աղետալի հոգեվիճակ է։ Ի վերջո այսօրվա անտարբերության գինը վճարելու են ապագա սերունդները, եթե իհարկե Հայաստանը որպես պետություն պահպանվի աշխարհի քարտեզին գոնե ներկայիս տեսքով։ Իսկ մինչ այդ, քաղաքական կյանքը եռում է։ Ստորագրվում են դաշինք կազմելու հուշագրեր, հրապարակվում են ցուցակներ, հնչում են տեսակետներ, կազմակերպվում ասուլիսներ, ներկայացվում բանաձեւեր, իշխանական ցուցակից դուրս մնացածներն էլ շտապում են հերթական «կիսագրագետ» շարադրությունով հայտարարելու, որ հանկարծ քաղաքական բաներ չփնտրեն այն բանի տակ, որ իրենց իշխանական ցուցակում չկան։
 
Ցուցակում հայտնվածները, հատկապես իշխանականները, կարծես թե երանության մեջ պետք է լինեն․ չէր որ տեւական ժամանակ առ Փաշինյանն իրենց հավատարմության ու անմնացորդ նվիրումի հավաստիացումները, թայֆայական կռիվները, մեկմեկու դեմ «բոչկա գլորելը» վերջապես պտուղ է տալիս եւ իրենք «ընտրյալների» շարքերում են։ Ոչ իշխանականներն էլ լի են վճռականությամբ եւ պատրաստ նետվելու պայքարի։ Հետաքրքրական է միայն այն, որ կարեւորն անկարեւորից չտարանջատելով առաջ գնալու այս հաղթահանդեսում ինչ է լինելու վերջը, եթե ասենք «թուրքը մտավ Երեւան»։ Էլ ում համար է նիստեր անելու նոր ԱԺ-ն, կամ առհասարակ ներկայիս այս «փառատոնային տրամադրությունները» ում համար են արժեք ունենալու։ Իսկ առայժմ՝ կարեւորը նախընտրական կրքերն են՝ իրենց ողջ բազմազանությամբ ու գունագեղությամբ։