Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը՝ ՀՀ նախագահությամբ. նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Խորհրդի հերթական նիստում ներկայացվել են ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական համագործակցության 2021-2030 թթ. ռազմավարության իրականացման ընթացքը, ինչպես նաև 2025-2026 թթ. միջոցառումների արդյունքները:
ՀՀ երիտասարդական պետական քաղաքականությունը կարևորում է կարիքները և ներուժը
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով ՀՀ երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղությունները․ «Առաջին անգամ ընդունվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, որով պետությունը ստանձնել է պարտավորություն՝ ստեղծելու պայմաններ երիտասարդության ներուժի բազմակողմանի զարգացման, որոշումների ընդունման գործընթացներում նրանց մասնակցության ապահովման նպատակով, ինչպես նաև ձևավորելու միջավայր, որն ուղղված է երիտասարդների կարիքների և հետաքրքրությունների բավարարմանը՝ կարևորելով հատկապես մարզաբնակ երիտասարդների ներգրավումը։ Պետական քաղաքականությունը նպատակ ունի ձևավորել ստեղծարար, նախաձեռնող, հմուտ և մրցունակ երիտասարդություն, ինչպես նաև ընդլայնել երիտասարդների հնարավորությունները՝ իրենց իսկ երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու նպատակով։ Պետք է շեշտել, որ օրենքի մշակման գործընթացն իրականացվել է լայն հասարակական քննարկումների ձևաչափով՝ ապահովելով ժողովրդավարական ընթացակարգերը։ Սա օրենք է, որը ստեղծվել է ոչ միայն երիտասարդների համար և նրանց հետ, այլև հենց երիտասարդների կողմից»։
Երիտասարդական աշխատողներ ՏԻՄ-երում և երիտասարդական կենտրոններ համայնքներում
Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ օրենքը սահմանում է պետական երիտասարդական քաղաքականության ուղղությունները և մի շարք իրավական կարգավորումներ, ըստ որոնց՝ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է երիտասարդական աշխատողներ ունենան: «Հայաստանի բոլոր համայնքներում պետք է ստեղծվեն երիտասարդական կենտրոններ, որոնք ուղղված են երիտասարդների կարիքների բացահայտմանը, նրանց ներուժի զարգացմանը, հետաքրքրությունների և նախընտրությունների իրացմանը, մասնակցության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև ինտելեկտուալ և բովանդակային ազատ ժամանցի ապահովմանը։ Այդ երիտասարդական միջավայրերը ստեղծվում են պետության, համայնքների և քաղհասարակության ջանքերով»,- ասել է նախարարի տեղակալը՝ անդրադառնալով ընձեռված նոր հնարավորություններին:
Երիտասարդական աշխատանքի մասնագիտական կարևորության մասին
Նա առանձնակի ընդգծել է նաև երիտասարդական աշխատանքի՝ որպես առանձին մասնագիտական ոլորտի ճանաչման կարևորությունը, հետևապես այս ոլորտում մասնագետների պատրաստման և վերապատրաստման աշխատանքների առաջնահերթությունը։ Արթուր Մարտիրոսյանը հավելել է՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը կարգավորում է նաև պետության և քաղաքացիական հասարակության՝ միավորված խորհրդատվական ձայնի ներկայացվածության հարցը միջազգային հարթակներում, մասնավորապես՝ Եվրոպական երիտասարդական ֆորումում։
Կապանը ճանաչվել է «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք»
ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհուրդը քննարկել և հաստատել է 2026 թվականին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքը «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ճանաչելու հարցը: Գալիք տարի ԵՊՀ երիտասարդական խորհրդի նիստը տեղի կունենա Կապանում՝ անդամ երկրների մասնակցությամբ։ Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է Կապանում նախատեսվող միջոցառումների նախնական ծրագիրը։
Խորհուրդը ընդունել է որոշումներ կամավորության խթանման, մեդիագրագիտության և կիբերանվտանգության զարգացման և տարածման, ԱՊՀ երկրներում կազմակերպվող երիտասարդական միջոցառումներին անդամ երկրների երիտասարդների մասնակցության և այլնի վերաբերյալ։
ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստան, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի և Ղրղզստանի ներկայացուցիչները:
ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստի շրջանակում կամփոփվի նաև «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային նախագծի եզրափակիչ փուլը, որին մասնակցում են նաև «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթում հաղթած երեք լավագույն գաղափարների հեղինակները, ինչպես նաև Հայաստանը ներկայացնող մեկ փորձագետ, որը գնահատել է տարբեր երկրների երիտասարդների հայտերը։



