Վեց երկրի, այդ թվում՝ Հայաստանի շուրջ 800 զինծառայող կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժություններին, որոնք կանցկացվեն նոյեմբերին Կազանում: Այս մասին հայտնում են ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, գրում է РИА Новости գործակալությունը:
Վերջինիս համաձայն՝ Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական դպրոցում ավարտվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների ներկայացուցիչների շտաբային վերջին բանակցությունները ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» համատեղ զորավարժությանը նախապատրաստման շրջանակներում, որը կանցկացվի նոյեմբերին ռազմական բուհի ուսումնական զորավարժարանում:
«Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ռազմական պատվիրակությունները նախօրեին պրակտիկ գործողությունների վայրի հետախուզություն անցկացրեցին, որոշեցին զորավարժություններին մասնակցող ուժերի եւ միջոցների կազմը: Այսպիսով, համատեղ պրակտիկ գործողություններին կմասնակցի ընդհանուր մոտ 800 զինծառայող»,- նշված է հաղորդագրության մեջ:



