Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի աջակցո...

Երևանը բարձր է գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանին՝ խթանելու կայուն տնտեսական և սոցիալական զարգացումը բազմաթիվ առաջնահերթ ոլորտներում՝ ներառյալ կրթությունը, վերականգնվող էներգիան, ենթակառուցվածքները։ 

Այս մասին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ 

Հանրապետության նախագահի խոսքով՝ Գերմանիայի նախագահի այցը Հայաստան ևս մեկ անգամ վկայում է ինչպես երկու ժողովուրդների բարեկամության, այնպես էլ Հայաստան-Գերմանիա հարաբերությունների կարևորության մասին։ 

«Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցանք արդյունավետ քննարկել տարբեր բնագավառներում հայ-գերմանական ներկա համագործակցությանն առնչվող հարցեր»,-իր ելույթում նշել է Վահագն Խաչատուրյանը։

ՀՀ նախագահի խոսքով՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին։ 

«Գոհունակությամբ արձանագրել ենք, որ Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում»,-ընդգծել է Խաչատուրյանը։ 

Հանրապետության նախագահը նաև նշել է, որ Երևանը բարձր է գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանին՝ խթանելու կայուն տնտեսական և սոցիալական զարգացումը բազմաթիվ առաջնահերթ ոլորտներում՝ ներառյալ կրթությունը, վերականգնվող էներգիան, ենթակառուցվածքները։

«Երախտագիտությունս եմ հայտնել նաև Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին Գերմանիայի աջակցության համար»,-շեշտել է ՀՀ նախագահը։

Վահագն Խաչատուրյանը հավելել է, որ Գերմանիայի նախագահի հետ քննարկվել են նաև Հայաստանի խորացող հարաբերությունները Եվրոպական միության հետ, որի համատեքստում ընդգծվել է Գերմանիայի դերի կարևորությունը։

Խաչատուրյանի փոխանցմամբ՝ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցերի՝ շեշտելով առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ հիմնված միջազգային նորմերի և բոլոր երկրների ինքնիշխանության և իրավահավասարության սկզբունքների հարգման վրա։

«Կարևորել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին Գերմանիայի կառավարության կողմից ցուցաբերած հետևողական աջակցությունը։ Գործընկերոջս եմ ներկայացրել Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքները՝ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ Եվս մեկ անգամ առանձնացրել եմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը և այս համատեքստում նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,-նշել է ՀՀ նախագահը։