Հայաստանը՝ Ադրբեջանի «բնական դաշնակից»․ ու՞ր...
2017 թվականին ՔՊ հիմնադիր անդամ Ալեն Սիմոնյանը գրել էր 10 փոփոխությունների մասին, որոնց իրականացումը, ըստ նրա, ժամանակի հարց է։ Կետերից մեկում նշվում էր․ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան՝ մեկ միասնական կառույցների ստեղծում։
Այն ժամանակ շատերը սա համարեցին ուրիշների տեսահոլովակներում դերասանություն անող Ալեն Սիմոնյանի կողմից անլուրջ մտքերի շարադրում։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ այդ հայտարարությունը մեկ տարի անց իշխանության բերված ՔՊ-ի հռչակագիրն էր, որով նրանք ձևափոխելու էին Հայաստանի իրականությունը։
Օրերս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արած հայտարարությունը եկավ փաստելու այդ համոզումը․«Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավորություններից»։
Սա արդեն լրջագույն հայտարարություն է և իրական մտահոգության առարկա։ Պատմության մեջ մենք արդեն ունենք օրինակ, երբ էներգետիկ պայմանավորվածությունը ի վերջո հանգեցրել է, ինչպես Ալեն Սիմոնյանն էր կանխատեսել, վերպետական միջազգային կառույցի ստեղծման։ Խոսքը Եվրոպական ածխի և պողպատի համայնքի մասին է, որը հիմք դարձավ Եվրոպական միությունի ստեղծման համար։
ԵՄ-ի ձևավորման փորձը ցույց է տալիս, որ էներգետիկ ինտեգրացիան կարող է դառնալ վերպետական կառույցների հիմք, սակայն եթե այնտեղ այն տեղի է ունեցել համեմատաբար հավասարակշռված ուժերի միջև, ապա Հայաստան–Ադրբեջան պարագայում նույն գործընթացը ուժերի ակնհայտ անհամաչափության պայմաններում վերածվում է ոչ թե համագործակցության, այլ գերակայության և կախվածության մեխանիզմի։
Ըստ էության, այս իշխանությունները, հայտարարելով էներգետիկ համակարգերի միասնականացման մասին, հռչակում են ապագա զարգացումների ուղղությունը՝ այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դառնալու են մեկ միասնական համակարգի մաս։
Ինչով է վտանգավոր Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միավորումը
Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միավորումը պետք է դիտարկել ոչ թե փոխկապակցվածության, այլ ասիմետրիկ կախվածության մոդելով։ Դասական լիբերալ տեսությունը ենթադրում է, որ փոխկապակցվածությունը նվազեցնում է հակամարտության հավանականությունը, սակայն դա գործում է միայն այն դեպքում, երբ կողմերը համադրելի են ուժի, ինստիտուցիոնալ կայունության և ռազմաքաղաքական նպատակների մեջ։
Այս պարագայում Հայաստանը պատերազմում պարտված, անվտանգային ճեղքեր ունեցող և չվերականգնված ռազմական կարողություններով պետություն է, մինչդեռ Ադրբեջանը հանդես է գալիս որպես ուժ կուտակող, պահանջատիրական և վերանայողական դերակատար։ Արդյունքում էներգետիկ միավորումը չի ստեղծում հավասարակշռություն, այլ ամրագրում է ուժերի անհավասարությունը՝ այն տեղափոխելով ոչ ռազմական, բայց նույնքան ազդեցիկ ոլորտ։
Էներգետիկան ժամանակակից պետությունում պարզապես տնտեսության ճյուղ չէ, այլ իշխանության ենթակառուցվածք․ ով վերահսկում է էներգետիկ հոսքերը, վերահսկում է նաև քաղաքական որոշումների կայացման միջավայրը։ Նման միավորման պայմաններում Ադրբեջանը ստանում է մշտական լծակ Հայաստանի ներքին կայունության վրա ազդելու համար՝ ճնշում գործադրելով ոչ թե բաց ռազմական գործողություններով, այլ կառավարվող ռիսկերով՝ անորոշություններով, տեխնիկական խափանումների սպառնալիքով, շուկայի մանիպուլացիայով։
Սա «կախվածության միջոցով զսպման» դասական օրինակ է, որտեղ թույլ կողմը սահմանափակում է իր մանևրի հնարավորությունները՝ ինքնիշխանության մի հատվածը հանձնելով հակառակորդին։
Ավելին, երբ հակառակորդ պետությունը բացահայտորեն չի հրաժարվել հակահայ հռետորաբանությունից և շարունակում է ներկայացնել քաղաքական ու տարածքային պահանջներ, էներգետիկ միավորումը դառնում է ոչ թե խաղաղության հիմք, այլ հետկոնֆլիկտային ճնշման ինստիտուցիոնալացում։
Քաղաքագիտորեն սա նշանակում է, որ հակամարտությունը չի լուծվում, այլ «սառեցվում» է այնպիսի ձևով, որտեղ ուժեղ կողմը պահպանում է էսկալացիայի հնարավորությունը՝ ընտրելով դրա ակտիվացման առավել շահավետ պահը։
Այս պայմաններում Հայաստանը մտնում է կառուցվածքային խոցելիության փուլ, որտեղ ցանկացած քաղաքական դիմադրություն կարող է արժենալ համակարգային ճգնաժամ։
Այսպիսով, խնդիրը տեխնիկական չէ և նույնիսկ տնտեսական հաշվարկով չի սահմանափակվում․ խոսքը վերաբերում է պետության ինքնիշխանության որակական նվազեցմանը։ Էներգետիկ համակարգերի միավորումը հակառակորդի հետ, երբ չկա ռազմաքաղաքական հավասարակշռություն և փոխադարձ վստահություն, վերածվում է երկարաժամկետ անվտանգության ռիսկի՝ առանց պատերազմ հայտարարելու պարտադրման գործիքի։
Հայաստանը՝ Ադրբեջանի «բնական դաշնակից»
Օրերս իշխանական ճամբարին միացած նախկին ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի հայտարարությունը Հանրային հեռուստաընկերության եթերում, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը «բնական դաշնակիցներ» են, կարող է ընկալվել որպես գործող իշխանության արտաքին քաղաքական տրամաբանության բաց տեքստային ձևակերպում։
Այս հայտարարությունը ոչ թե անհատական կարծիք է, այլ իշխանական դիսկուրսի մաս, որը նպատակ ունի նորմալացնել նախկին հակառակորդի հետ ռազմավարական մերձեցման գաղափարը և այն ներկայացնել որպես օբյեկտիվ, նույնիսկ «բնական» գործընթաց։
Երբ այդ թեզը համադրվում է Ադրբեջանի նկատմամբ բացասական քաղաքական-տեղեկատվական դիսկուրսի գրեթե լիակատար բացակայության, ինչպես նաև Ռուսաստանի դեմ համակարգային հակաքարոզչության առկայության հետ, ձևավորվում է հստակ քաղաքական պատկեր։ Խոսքը ոչ թե բազմավեկտոր արտաքին քաղաքականության, այլ թշնամի–բարեկամ առանցքների վերաձևակերպման մասին է։
Ում դեմ է ուղղված Հայաստան–Ադրբեջան տանդեմը
Ձևավորվող Հայաստան–Ադրբեջան տանդեմը չի կարող չլինել ուղղված երրորդ ուժերի դեմ։ Արևմուտքի քավորությամբ ստեղծվող այս կառուցվածքի հիմնական թիրախը դառնում է Ռուսաստանը՝ որպես նախկին անվտանգության առանցքային դերակատար։
Միաժամանակ այս տանդեմը օբյեկտիվորեն սպառնալիք է նաև Իրանի տարածաշրջանային դիրքերին, քանի որ տրանսպորտային, էներգետիկ և անվտանգության բաղադրիչներով սերտացումը նպատակ ունի շրջանցել և թուլացնել Իրանի դերակատարումը։
Արդյունքում ձևավորվող առանցքը ոչ թե հաշտեցման նախագիծ է, այլ արտաքին կառավարվող գեոպոլիտիկական կոնստրուկցիա, որտեղ Հայաստանը օգտագործվում է որպես թույլ օղակ ավելի լայն հակադրության շղթայում։
Եթե հայ հանրությունը և քաղաքական էլիտան կամք ու հնարավորություն չգտնեն կտրուկ փոփոխությունների գնալու, ապա մեզ համար նախատեսվում է Ադրբեջանի առաջնորդությամբ հակառուսական ճակատում մսացու լինելու դեր։ Այդ փոփոխությունների բացակայությունը Հայաստանը կարող է վերածել աշխարհաքաղաքական աղետի գոտու, որտեղից դուրս գալու հնարավորությունները խիստ սահմանափակ են։
Բորիս Մուրազի