ՀԱԿ–ի հետ կոնսոլիդացիայի տարբերակ քննարկվում...

ՀԱԿ–ի հետ կոնսոլիդացիայի տարբերակ քննարկվում է։ Այս մասին, այսօր՝ մարտի 13–ին, հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀԱԿ-ի հետ համագործակցություն սպասվում է՝ հաշվի առնելով, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասել էր, որ ընդդիմության միավորման միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է։

«Կոնսոլիդացիայի տարբերակ քննարկվում է արտախորհրդարանական ընդդիմության հետ։ Խորհրդարանում ընդգրկված ուժերի հետ չի լինելու կոնսոլիդացիա, այլ լինելու է արտախորհրդարանական ուժերի հետ»։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լինի իրենց ցուցակում, Կարապետյանը պատասխանեց. «Կլինի մեր կողմից հայտարարություն, կլինի հետագայում մեր ցուցակի հրապարակումը, որը ձեր բոլոր հարցերին կպատասխանի»։

Դիտարկմանը, որ Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի օրոք արտակարգ լիազորությունների դեսպանի պաշտոնն է զբաղեցրել, չկա՞ մտավախություն, որ դա կվնասի ձեզ, նա արձագանքեց. «Երկու ծայրահեղություններ կա, երկու խնդիր ունենք լուծելու, մեկը մեր հասարակության պառակտման վերացման խնդիրն է, համախմբման խնդիրը։ Բայց մի կարմիր գիծ կա, որի վրա մենք պետք է աշխատենք, որի հետ պետք է հաշվի նստենք, դա Արցախի հիմնահարցում գործիչների պահելաձևն է»։