
Երևանում հունիսի 5-7-ը կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրերը, որոնց շրջանակում Հայաստան է ժամանել Վրաստանի պատվիրակությունը՝ Մշակույթի նախարար Թինաթին Ռուխադզեի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսված է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխադզեի հանդիպումը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, այցելություններ ՀՀ մշակութային տարբեր հաստատություններ։
Մշակույթի օրերի շրջանակում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամության խորացմանն ու մշակութային համագործակցության զարգացմանը։
Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում հունիսի 6-ին ժամը 14:00-ից Մաշտոցի պողոտայում՝ Դիանա Աբգարի պուրակում, կմեկնարկի վրացական գինու, մշակույթի և ընտանիքի օրվան նվիրված տոնական միջոցառում։ Ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալու վրացական ավանդական խոհանոցին, գինեգործության արվեստին, ինչպես նաև վայելելու «Ռանինա» քառյակի և «Գուֆի լենդ» խմբի բացօթյա ելույթները: Մուտքն ազատ է:
Հունիսի 7-ին ժամը 20:00-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլի համերգը, որի ընթացքում կներկայացվեն վրացական ավանդական պարերը, երաժշտությունը և մշակույթը: