Հայաստանում քաղաքացիներն ավելի հաճախ են սկսվել անկանխիկ վճարումներ կատարել՝ մանրածախ առևտուր, առօրյա գործառույթներ իրականացնելու համար: Այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Անկանխիկ գործառնությունների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:
Աբրահամյանը նախքան նախագիծը ներկայացրեց անկանխիկ վճարումների հետ կապված վիճակագրություն՝ 2018 թվականից ի վեր: «Բանկային համակարգով ունենք թողարկած շուրջ 2.6 մլն քարտ, շուրջ 1600 բանկոմատներ, 1600-ից ավել POS տերմինալներ և շուրջ 3000 վիրտուալ POS տերմինալներ»,-ասաց նա:
Անդրադառնալով քարտային գործարքների ցուցանիշներին՝ նա նշեց, որ 2018-ին եղել է շուրջ 3 մլն գործարք՝ արտասահմանյան քարտերով, շուրջ 2 մլն գործարք՝ հայաստանյան քարտերով արտերկրում և շուրջ 33 մլն գործարք՝ հայաստանյան քարտերով Հայաստանում:
«2021-ի առաջին կիսամյակով ունենք արդեն իրականացված շուրջ 33 մլն գործարք: Այսինքն՝ գրեթե կրկնապատկվել են գործարքները»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալն ու հավելեց, որ ֆիզիկական միջավայրում հայկական քարտերով գործարքներն աճում են մոտ 50 տոկոսով, իսկ օնլայն հարթակում՝ շուրջ 300 տոկոսից ավել:
Աբրահամյանը 2020-ը բեկումնային համարեց նաև այն առումով, որ կորոնավիրուսով պայմանավորված շատերն օնլայն գործարքների են անցել: 2021-ի առաջին կիսամյակում օնլայն հարթակում շուրջ 300 մլրդ դրամի գործարք է կատարվել՝ միայն քարտերով:
«Շուրջ 365 մլրդ դրամի անկանխիկ գործարքների մասին խոսք է գնում 2021-ի առաջին կիսամյակին, շուրջ 900 մլրդ դրամի կանխիկացման գործարքների՝ բանկոմատների միջոցով: Դեռևս կանխիկը գերազանցում է: Շուրջ 65 տոկոս գործարքները քանակական առումով անկանխիկ գործարքներն են»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալը:
2021-ի առաջին եռամսյակում, սակայն, եղել են 70 տոկոս անկանխիկ գործարքներ: Անկանխիկ միջին գործարքի արժեքը 2017-ի 27 հազար դրամից հասել է շուրջ 9 հազար 600 դրամի: «Դա վկայում է, որ մանրածախ առևտրում և առօրյա գործառույթներում մարդիկ ավելի հաճախ են սկսվել օգտագործվել անկանխիկ վճարումներից»,-ասաց Աբրահամյանը: