Հայաստանում Իրանի դեսպան Սոբհանին մոլորեցրել...

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ամիսներ առաջ, խոսելով Սյունիքի ճանապարհին օտարերկրյա ուժեր տեղակայելու հնարավորության մասին, նշել էր․
«Ես երբևէ չեմ լսել, որ վարչապետն ասել լինի, թե երրորդ երկրների ուժեր կտեղակայվեն այդտեղ։ Ո՛չ իր հանրային խոսքում, ո՛չ էլ մասնավոր զրույցներում ես նման բան չեմ լսել։ Հայաստանը հետևում է այն քաղաքականությանը, որ իր սահմաններն ինքն է վերահսկում»։

Սակայն օրեր առաջ Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Կովկասի նկատմամբ Թրամփի ծրագիրը ոչնչով չի տարբերվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»։ Այդ մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ» պետական լրատվական գործակալությունը։

Վելայաթին այս հայտարարությունն արել է Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ՝ ընդգծելով, որ Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է նման նախաձեռնությանը։

Փաստորեն, Իրանի առանցքային դեմքերից մեկը՝ Ալի Աքբար Վելայաթին, փաստացի հերքում է Հայաստանում հավատարմագրված դեսպան Մեհդի Սոբհանիի ամիսներ առաջ արված հայտարարությունները և արձանագրում, որ Թեհրանը լուրջ մտահոգություններ ունի Սյունիքով անցնելիք ամերիկյան վերահսկողության ներքո գտնվող ճանապարհի վերաբերյալ։