Ավելի լավ պատկերացնելու համար, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, պետք է տեղեկացված լինել և, ինչու չէ, նաև տիրապետել այն անվտանգային և ռազմական փոփոխություններին, որոնք տեղի են ունենում ոչ միայն մեզանում, այլև մեզ շրջապատող տարածաշրջանի թեժ կետերում։
Ստորև ներկայացնում ենք օգոստոսի 10-17-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները, ըստ երկրների և դաշինքների
Ռուսաստան
• Աֆղանստանի սահմանից 20 կմ հեռավորության վրա գտնվող «Հարբ-Մայդոն» զորավարժարանում ավարտվել է ՌԴ-ի, Տաջիկստանի և Ուզբեկստանի 2,5 հազար զինծառայողների մասնակցությամբ համատեղ զորավարժությունները։
• «Ռուսաստանի զինված ուժերի և Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակի գործնական փոխգործակցությունը որակապես նոր մակարդակի է հասել, ինչը նպաստում է գլոբալ և տարածաշրջանային կայունության ապահովմանը»,- հայտարարել է Սերգեյ Շոյգուն Չինաստանի ՊՆախարարի հետ ռուս չինական «Սիբու/Համագործակցություն 2021» համատեղ զորավարժությունների ժամանակ հանդիպման ընթացքում։
• Շարունակվում է Տաջիկստանում գտնվող ռուսական ռազմաբազայի համալրումը սպառազինությամբ։ 201-րդ ռազմակայանը համալրվել է Կալաշնիկով ԱԿ-12 նորագույն ինքնաձիգերով, Յարիգինի ատրճանակներով, ժամանակակից բանակային դիպուկահար խոշոր տրամաչափի АСВК-М հրացաններով, նետման բարձր հեռահարության հրանոթներով և «Վերբա» շարժական զենիթային հրթիռային համալիրներով:
• Ռուսաստանը Տաջիկստանին հատկացրել է 1.1 միլիոն դոլար Աֆղանստանի հետ սահմանի ամրացման և սահմանակետերի շինարարության համար։
• Ռուսաստանի և Չինաստանի բանակները կամրացնեն ռազմական համագործակցությունը։
• Պրիմորիեի երկրամասում մեկնարկել է ռուս-լաոսական «Լառոս-2021» համատեղ զորավարժությունները, որին մասնակցում են երկու երկրների մինչև 500 զինծառայողներ, շուրջ 100 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Սու-25 գրոհայիններն ու Արևելյան ռազմական օկրուգի Կա-52 հարվածային ուղղաթիռները։
• Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում «БЕ-200» հրշեջ ինքնաթիռ է կործանվել։ Զոհված օդաչուներին հետմահու կշնորհվեն պետական պարգևներ։
• Թալիբների կողմից Աֆղանստանում իշխանությունը վերցնելուց հետո Ռուսաստանը նախաձեռնել է 5000 զինծառայողների ուղարկել աֆղանա-տաջիկական սահման։
• Քաբուլում Ռուսաստանի դեսպանատունը անցել է թալիբների հսկողության տակ։
• ՌԴ ռազմական ավիացիան վարժանքներ է անցկացրել Ղրիմում, որի ժամանակ ավիացիան պայմանական հակառակորդի վրա արձակել է ռումբեր և հրթիռային հարվածներ՝ ցամաքային թիրախներ խոցելով։
• «Ռոստեխը» պատրաստ է դիտարկել Թուրքիային հինգերորդ սերնդի կործանիչների մշակման հարցում օգնելու հնարավորությունը Անկարայի համապատասխան դիմումի դեպքում, հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը։
Թուրքիա
• Թուրքիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով գտնվում է Պակիստանում։ Աքարը շեշտել է, որ առաջիկայում անհրաժեշտ է ընդլայնել թուրք –պակիստանյան համագործակցությունը ռազմական ոլորտում։
• Թուրքական FNSS ռազմարդյունաբերական ընկերությունը պաշտպանական արդյունաբերության վարչության պատվերով նոր զրահամեքենաներ է նախագծել, որոնք պիտի օգտագործվեն հատուկ օպերացիաների ժամանակ: 2019-ին մեկնարկած նախագծի շրջանակներում արտադրված Pars IV 6x6 զրահամեքենան օժտված է ականներից ու ինքնաշեն պայթուցիկներից ու բալիստիկ հրթիռներից բարձր մակարդակի պաշտպանությամբ, որն ըստ թուրքական աղբյուրի արդեն իսկ հաստատվել է Թուրքիայում ու արտերկրի միջազգային ակրեդիտացիա ունեցող փորձարկման կենտրոններում: Այնուհանդերձ մինչև Թուրքիայի ԶՈւ-ի սպառազինություն ընդգրկվելը զրահամեքենան դեռ բազմաթիվ այլ փորձարկումներ պետք է անցնի:
• Ամերիկացի 27 կոնգրեսական Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին նամակ է հղել, որտեղ կոչ են անում էմբարգո կիրառել Թուրքիայի նկատմամբ, նշելով, որ «Թուրքական ԱԹՍ-ները վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների համար»։ 27 կոնգրեսականներ ԱՄՆ-ի պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել անօդաչու թռչող սարքերի՝ Թուրքիա արտահանման արտոնագրերի տրամադրումը, մինչև չավարտվի Կովկասում, Հարավային Ասիայում, Արևելյան Միջերկրական ծովում և ամբողջ աշխարհում թուրքական անօդաչու սարքերի ծրագրերի ապակայունացնող դերի պաշտոնական հետաքննությունը:
• Հյուսիսային Իրաքում թուրք զինվորներ են պայթել ականի վրա։ Ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերն իրականացրել էին «Մագիլ-կայծակ» ռազմական գործողությունը քուրդ զինյալների դեմ։
Վրաստան
• Նոյեմբերին Վրաստանում առաջին անգամ տեղի կունենան Maple Arch 21 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները, որին կմասնակցեն զինծառայողներ Կանադայից, Վրաստանից, Լիտվայից, Ուկրաինայից, Լեհաստանից և Թուրքիայից: Maple Arch 21-ը կազմակերպում է Կանադայի պաշտպանության նախարարությունը, որը ղեկավարելու է վրացական կողմը։
• Վրաստանի Իմերեթի շրջանում գտնվող «Բեսիկ Կուտատելաձեի անվան լեռնային պատրաստության Սաչխերի դպրոցում ավարտվեցին ամառային միջանկյալ և բազային դասընթացները, որին մասնակցում էին վրացի, ուկրաինացի և չեխ զինծառայողներ։ Զինվորականները անցել են լեռնատեխնիկական պատրաստություն, սովորել են լեռնային սարքավորումների ընտրության և օգտագործման կանոնները, լեռնային տեղանքով տեղաշարժվելու համար անհրաժեշտ անվտանգության կանոնները, ինչպես նաև լեռներում տեղաշարժվելիս տուժածների փրկության և տարհանման կազմակերպումը:
• Ուժի մեջ է մտել Վրաստանի պետական անվտանգության ծառայության և Բելառուսի Պետանվտանգության կոմիտեի միջև կնքված համագործակցության համաձայնագիրը, որը ստորագրվել է դեռևս 5 տարի առաջ։
Իրան
• Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը լիովին պատրաստ են սահմանների համալիր պաշտպանությանը:
• Իրանական կողմը դեֆիցիտի պատճառով կասեցրել է ԷլեկտրաԷներգիայի արտահանումը Իրաք:
• Իրանի և Աֆղանստանի միջև առևտրային հաղորդակցությունն ամբողջությամբ դադարեցվել է Աֆղանստանում անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացման պատճառով։
• Իրանը հերքում է տեղեկություններն այն մասին, թե իրանա-աֆղանական սահմանին թալիբների և ԻԻՀ սահմանապահների միջև տեղի են ունեցել բախուներ։
Իրաք
• Իրաքի հյուսիսում չորս թուրք զինվոր է սպանվել, երեքն էլ վիրավորվել են առանձին միջադեպերի արդյունքում։
• Լիտվայի և Բելառուսի սահմանին գտնվող Իրաքի ավելի քան 300 քաղաքացիներ վերադարձել են հայրենիք։
• Իրաքը նախատեսում է մինչև 2027 թվականը ավելացնել նավթի արտադրությունը օրական մինչև 8 մլն բարել: Այս մասին հայտնել է երկրի նավթի նախարար Իհսան Աբդ ալ Ջաբբարը:
Սիրիա
• ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է աջակցել Սիրիայում ռազմական ներկայության ծրագրին։ Իսկ Դամասկոսում ԱՄՆ զինված ներկայությունը դիտարկում են որպես օկուպացիա, որն ուղեկցվում է Սիրիայի ժողովրդին պատկանող բնական հարստությունների թալանով: ԱՄՆ-ը աջակցելու է Սիրիայի ժողովրդական ուժերին։
• «Սիրիական ժողովրդավարական ուժերը» Թել Համիս քաղաքում, որը գտնվում է Կամիշլիից հարավ, առևանգել են մի քանի խաղաղ բնակիչների։
• Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող անօրինական զինված խմբավորումների արձակած ականանետային գնդակոծությունների ժամանակ վիրավորվել են 4 սիրիացի զինծառայողներ։
• Թուրքական զինուժը և իր հետ համագործակցող սիրիական զինված ընդդիմության կազմավորումները հինգշաբթի հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասեքե նահանգում գտնվող Թել-Թամեր բնակավայրի ուղղությամբ։
• Թուրք զինվորականները սիրիացի դաշնակիցների հետ հրետանային կրակ են բացել Շահբա-Դամ և Սամուկա գյուղերի ուղղությամբ, որոնք գտնվում են Հալեպից հյուսիս-արևմուտք, ինչպես նաև գնդակոծել են Աֆրինից հյուսիս-արևմուտք գտնվող Ալ Մայասա, Բուրջ-Քաս և Մարանազ գյուղերը, ինչը խուճապ և վախ է առաջացրել խաղաղ բնակչության շրջանում, վնասվել են տներ և այլ շինություններ։
Իսրայել
• Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը երեքշաբթի միջազգային հանրությանը կոչ է արել համատեղ գործողություններ իրականացնել տարածաշրջանում իրանական ագրեսիայի դեմ:
• Պաշտպանության նախարար Բեննի Գանցը պաշտպանության բանակի հյուսիսային հրամանատարության ենթակա տարածք այցելության ժամանակ հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է օգնել Լիբանանին հաղթահարել տնտեսական և քաղաքական ճգնաժամը, բայց միևնույն ժամանակ թույլ չի տա շարունակել հարձակումները սահմանի երկայնքով, ինչպես նաև Իրանի կողմից:
• Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի սահմանային պատի պահպանության համար այդ հատվածում Jaguar ռոբոտացված տրանսպորտային միջոցներ է տեղակայել որոնք զինված են գնդացիրներով։
• Իսրայելցի զինվորականները հայտարարել են լիբանանյան Հեզբոլլահ շարժմանը պատկանող ԱԹՍ-ի որսալու մասին, որը Իսրայելի օդային տարածքը հատել է Լիբանանի կողմից։ Ավելի ուշ նաև հայտարարվել է, որ ՀՕՊ միջոցներով խոցվել է նաև ՀԱՄԱՍ-ի հետախուզական ԱԹՍ-ն, որը օդային տարածք է ներթափանցել Գազայի հատվածից։
• Ադրբեջանական իշխանությունները բանակցություններ են վարում Իսրայելի հետ 2 մլրդ դոլար արժողությամբ սպառազինություն գնելու առնչությամբ։
• Իսրայելի պաշտպանական բանակի ԱԹՍ-ն տեխնիկական խնդիրների պատճառով կործանվել է սիրիական տարածքում։
• Գազայի հատվածից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Հրթիռակոծության մասին նախազգուշացնող ազդանշանը հնչել է Սդերոտում։ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ Գազայց արձակված հրթիռը ոչնչացրել է։
Աֆղանստան
• Օգոստոսի 10-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անխուսափելի չի համարել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների կողմից Քաբուլի գրավումը և կոչ է արել աֆղանական զորքերին հակահարված տալ թալիբներին և հույս ունենալ, որ ԱՄՆ-ը կաջակցի։ Միժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման պլանները չեն փոխվել, անգամ «Թալիբանի» հարձակումների ֆոնին։
• Թալիբները հայտարարել են Քանդահարի բանտը գրավելու մասին։
• ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Քաբուլից ամերիկացի դիվանագետներին էվակուացնելու անհրաժեշտության մասին։ Միաժամանակ, Պետդեպի ներկայացուցիչ Ջեյն Փսակին հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները ուշիուշով հետևում են Աֆղանստանում կատարվող իրադարձություններին, և հայտնել է, որ աֆղանական զորքերը գերակշռում են թալիբներին։
• ԱՄՆ օդուժը վերջին օրերին մի քանի ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի տարածքով մեկ սփռված Թալիբան շարժման զինված խմբավորումներին։
• Աֆղանստանի ԱԳ նախարար Հանիֆ Ատմարը հայտարարել է, որ պաշտոնական Քաբուլը պատրաստ է Ռուսաստանից ռազմական ուղղաթիռներ գնել:
• Թալիբան շարժման գրոհայինները գրավել են երկրի հարավ-արևելքում գտնվող, ռազմավարական նշանակություն ունեցող Ղազնի քաղաքը, ինչն ավելի է մոտեցնում նրանց դիրքերը Քաբուլին: Հերաթը՝ երկրի մեծությամբ երրորդ քաղաքը, նույնպես գտնվում է թալիբների վերահսկողության ներքո: Վերջին հաղորդագրությունների համաձայն Թալիբանի վերահսկողության տակ է անցել նաև Աֆղանստանի երկրորդ մեծ քաղաքը ՝ Քանդահարը: Ավելի ուշ զինյալները գրավել են Լոգար նահանգի կենտրոնը՝ Պուլի-Ալամ քաղաքը, որը Քաբուլից գտնվում է 50կմ. Հեռավորության վրա։
• ԱՄՆ-ն հայտարարել է, որ եթե անգամ Թալիբանը գրավի ողջ Աֆղանստանը, ապա Ամերիկան չի ճանաչելու վերջիններիս իշխանությունը։ Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև ՆԱՏՕ-ն։
• Աֆղանստանում գտնվող տարբեր երկրների դեսպանատներ փակվում են, իսկ դիվանագիտական ծառայողները էվակուացվում են։
• Թալիբների հսկողության տակ է անցել նաև Մազարի Շարիֆ, ինչպես նաև Ջալալաբադ քաղաքաները։
• Աֆղանստանի կառավարական ուժերի 84 զինվորականներից բաղկացած խումբը հատել է Ուզբեկստանի հետ սահմանը և դիմել օգնության խնդրանքով։
• Օգոստոսի 15-ին Աֆղանստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Թալիբան շարժման գրոհայինները հարձակում են սկսել Քաբուլի վրա։ Թալիբան շարժման ղեկավարությունը հրահանգել է չգրոհել մայրաքաղաքի վրա, հնարավորություն տալ բանակցություններով այն հանձնել։
• Լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակում, ըստ որի Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է տվել և հեռացել է երկրից՝ մեկնելով Տաջիկստան։ Որից հետո թալիբները հայտարարում են, որ ամբողջովին վերահսկում են Աֆղանստանը և բոլոր ուժերն համագործակցության կոչ են անում։ Այնուհետև թալիբները իրենց դրոշն են բարձրացնում Քաբուլի նախագահական պալատի վրա։
• Ուզբեկստանի զինված ուժերը ոչնչացրել են Աֆղանստանի կառավարական զորքերի a-29 Super Tucano թեթև մարտական ինքնաթիռը։
• Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ցանկացած թալիբ առաջնորդի Աֆղանստանում հակամարտության դադարեցման հարցով։
Ուկրաինա
• Դոնբասի հետ շփման գծում Ուկրաինայի ԶՈւ երեք զինծառայողներ վնասվածքներ են ստացել, նրանցից մեկը մահացու։ Նշենք, որ գրեթե ամեն օր, ուկրաինացի զինվորականները 122 միլիմետրանոց ականանետերից գնդակոծում են Դոնբասի բնակելի շրջանները։
• «Ada» դասի կորվետները, որոնք այժմ կառուցվում են Թուրքիայում Ուկրաինայի ռազմածովային ուժերի համար հագեցած են լինելու «Harpoon» հականավային հրթիռային համալիրով, փոքր հեռահարության MBDA VL MICA ԶՀՀ-ով, 76 մմ Leonardo Super Rapid հրետանիով, 35 մմ Rheinmetall Millennium ԶՀՀ-ով, Aselsan STAMP երկու 12,7 մմ հեռակառավարվող գնդացիրներով և 324 մմ MU90 տորպեդային սարքերով։
• Կիևում տարածքային պաշտպանության ուժերի զորավարժություններ են անցկացվել։
• Թուրքական «Baykar» ընկերությունը նախատեսում է ԱԹՍ-ների հավաքման գործարան և գիտահետազոտական կենտրոն բացել Ուկրաինայում։
• Քաբուլում ռեժիմի փոփոխությունից կարող է Ուկրաինան շահել, քանի որ անցած տարի Աֆղանստանի ռազմաօդային ուժերի երկու միավոր MИ-17В-5 ուղղաթիռներ վերանորոգման նպատակով ուղակվել են Ուկրաինա։ Որոնք արդեն վերանորոգվել են բայց Աֆղանստան չեն ուղարկվել։ Հնարավոր է, որ Ուկրաինայի բանակը ունենա նոր ուղղաթիռներ։ Թալիբներն իհարկե հետ կպահանջեն ուղղաթիռները, բայց քանի որ վերանորոգման համար վճարել է ԱՄՆ-ը, նրանք ինչ-որ բան կստանան այդ գործարքից։
• Ուկրաինան շարունակում է «մոսկիտային նավատորմի» ստեղծման իր գործողությունները, որում նրան ակտիվորեն օգնում են դաշնակիցները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները։ «Մոսկիտային նավատորմը» բաղկացած է արագընթաց և մանևրային փոքր ռազմանավերից։
• Ուկրաինան առաջարկում է իր տարածքի վրա տեղակայել ամերիկյան ՀՕՊ միջոցներ։
ՆԱՏՕ
• ՆԱՏՕ-ն կոչ է արել թալիբներին զերծ մնալ հարձակողական գործողություններից։ Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ չի ճանաչելու թալիբներին որպես Աֆղանստանի իշխանություններ, ուժով այն վերցնելու դեպքում։
• Բրյուսելում ՆԱՏՕ-ի գրասենյակում ճգնաժամային խորհրդակցություն է անցկացվել Աֆղանստանում կատարվող իրադարձությունների առնչությամբ, որի ժամանակ շեշտը դրվել է էվակուացիայի կազմակերպչական հարցերի վրա։
• ՆԱՏՕ-ն հրաժարվել Է Աֆղանստանի հարցով ՀԱՊԿ-ի հետ երկխոսություն և փոխգործակցություն հաստատելու Ռուսաստանի առաջարկություններից։ Հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
ՀԱՊԿ
• ՀԱՊԿ-ը հայտարարել է, դաշինքի ուժերի խոշորամասշտաբ զորավարժություններ սկսելու կազմակերպչական աշխատանքների մեկնարկի մասին, որը կանցկացվի տաջիկա-աֆղանական սահմանին։
• Բելառուսի ԶՈւ առավել պատրաստված ստորաբաժանումները, որոնք կմասնակցեն «Արևմուտք-2021» ռազմավարական զորավարժություններին, կուղարկվեն տաջիկա-աֆղանական սահման՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի զորավարժություններին, ինչպես նաև վերջիններս օգություն կցուցաբերեն Տաջիկստանին՝ սահմանի անվտանգության ապահովման գործում:
«Հենակետ» վերլուծական կենտրոն



