Շատ ուրախացա Հայաստանից զենքի արտահանման լուր...

Շատ ուրախացա Հայաստանից զենքի արտահանման լուրից, բայց լուրը հայտնողները ստում են այն բանում, որ սա առաջին անգամն է։  Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Առաջին անգամ 10 տարի առաջ էր, մի կտոր տեխնիկան էր մի քանի միլիոն դոլար, գնորդ երկիրն էլ ՆԱՏՕ անդամ։

«Լավին լավ ասողներին» հիշեցնեմ, որ այդ ընթացքում էս վարչախումբը լուծարել է հայ-լեհական «Լյուբավա Արմենիա» համատեղ ձեռնարկությունը և հայ֊հունական «ԼՏ-Պիրկալ» համատեղ ձեռնարկության հայկական բաժնետեր «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ն։

Լեհաստանն ու Հունաստանը ՆԱՏՕ անդամ երկրներ են, երկու ձեռնարկությունն էլ ռազմարդյունաբերության ոլորտում էին աշխատում։

Ձեռի հետ էլ այդ նույն լուրը հնչեցնող ԲՏ նախարարի ենթակայության տակ գտնվող ռազմարդյունաբերության կոմիտեն առաջին 4 ամսում ծախսել է 0 դրամ, այն դեպքում, որ միայն առաջին եռամսյակի համար նախատեսված էր 850 միլիոն»։

Այսօր ավելի վաղ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Facebook–ի իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով հայկական ռազմարդյունաբերության ոլորտի համար շրջադարձային ձեռքբերման մասին։

Ըստ նախարարի՝ մայիս ամսվա ընթացքում հայկական 3 ընկերություն հաջողությամբ զենք է արտահանել 2 տարբեր երկրներ։ Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանում մշակված և արտադրված վերջնական ռազմական արտադրանքը պաշտոնապես հասել է սպառող երկրներին, ինչը վերջին տարիներին եղել է ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը։ «Հայկական ընկերություններն առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված վերջնական արտադրանքը կարողացել են հասցնել օգտագործման երկրներ»,–ասել էր նա։