Աշխարհը շարժվում է դեպի գլոբալ պարենային ճգնա...

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվեթ Քուփերը հայտարարել է, որ աշխարհը «շարժվում է դեպի գլոբալ պարենային ճգնաժամ»՝ Հորմուզի նեղուցով նավագնացության շարունակական խափանումների ֆոնին։

Նա նշել է, որ Պարսից ծոցի երկրները պարարտանյութերի համաշխարհային հիմնական մատակարարներն են, և տարածաշրջանում բեռնափոխադրումների խաթարումը կարող է մասշտաբային հետևանքներ ունենալ գլոբալ պարենային անվտանգության համար։ Ելույթ ունենալով «Global Partnerships» համաժողովում՝ Քուփերը հղում է արել Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներին, ըստ որոնց՝ «գրեթե 45 միլիոն մարդ կարող է բախվել պարենի սուր պակասի, եթե հակամարտությունը չավարտվի մինչև այս տարվա կեսերը»։

«Աշխարհը շարժվում է դեպի գլոբալ պարենային ճգնաժամ։ Մենք չենք կարող թույլ տալ, որ տասնյակ միլիոնավոր մարդիկ մնան առանց սննդի միայն այն պատճառով, որ մեկ երկիր փաստացիորեն զավթել է միջազգային նավագնացության երթուղին։ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շարունակական փակումը մի ժամանակահատվածում, երբ սկսվում է գյուղատնտեսական սեզոնը, ցույց է տալիս, թե ինչու է անհրաժեշտ հրատապ միջազգային ճնշում գործադրել այն բացելու, պարարտանյութերի ու վառելիքի մատակարարումները վերականգնելու և գնային ճնշումը նվազեցնելու համար»։

Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիան շարունակելու է ձգտել նեղուցի անհապաղ և անխոչընդոտ բացմանը և առաջ մղել Հորմուզի նեղուցում բազմազգ առաքելություն ստեղծելու ծրագրերը՝ հնարավոր համաձայնագրին աջակցելու համար։

Քուփերն ընդգծել է նաև, որ ճգնաժամը շոշափում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրները, ինչպես նաև պետական ու մասնավոր հատվածները, և պահանջում է նոր մոտեցում միջազգային համագործակցությանը, որն ուղղված կլինի նմանատիպ գլոբալ ճգնաժամերի կանխմանը դեռևս դրանց ձևավորման փուլում։