Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին. նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է:
Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:
Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելու համար պատիժ է սահմանվելու 10-ից 15 տարին, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերի համար՝ տուգանք կամ 2 ամսից մինչև 3 տարի ազատազրկում։
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մանրամասնեց. «Եթե այդ կոչերը կատարվեն՝ օգտագործելով հրապարակային ստեղագործությունները, զլմ-ները կամ ՏՏ-ները, ապա կարող է սպառնալ մինչև 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե որևէ մեկը չի կարող հրապարակայնորեն կոչ անել, օրինակ, Հայաստան, որպես պետություն, գոյություն չունենալու մասին ու, ընդհանրապես, ինքնիշխանությունը նսեմացնելու ու դրան ուղղված գործողություններ իրականացնել։



